Նոր գիտության համար պետք է մեծ պայթյուն, որին պետք է հասնել․ գիտական քննարկում Երևանում

«Ես ամեն օր գնում եմ աշխատանքի, մի տասը-քսան մարդ ենք ստեղծում, գնում տուն»,- ասում է Վերարտադրողական առողջության կենտրոնի հիմնադիր տնօրեն Էդուարդ Համբարձումյանը։ «Գիտությունը վերջապես դարձել է cool, վկայությունը՝ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի թվիթերյան էջը»,- շարունակում է Scimagine ստարտափի գործադիր տնօրեն և համահիմնադիր դոկտոր Խաչատուր Ջուլֆակյանը։

Էդուարդ Համբարձումյան

Դեկտեմբերի 8-ին Մեգերյան կարպետ մշակութային համալիրում գիտական երեկոն մեկնարկեց «Գիտության շարժիչ ուժը. միջդիսցիպլինարություն» խորագրով պանելային քննարկմամբ։ Միջոցառումը կազմակերպել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Ֆիլիպ Մորրիս ընկերության գիտահետազոտական կենտրոնի՝ PMI Science-ի աջակցությամբ։

«Ո՞րն է գիտության շարժիչը՝ մարդկային հետաքրքրասիրությո՞ւնը, դարի առաջնահերթություննե՞րը, թե՞ ծուլությունը», «ինչպե՞ս է գիտությունը ծնում նոր գիտություն»․ այս և այլ հարցերի շուրջ զրուցեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Էդվարդ Կոկանյանը, Վերարտադրողական առողջության կենտրոնի հիմնադիր Էդուարդ Համբարձումյանը, Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը, Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտությունների բաժնի ղեկավար Ալբերտո Մանտովանին, Scimagine ստարտափի գործադիր տնօրեն և համահիմնադիր դոկտոր Խաչատուր Ջուլֆակյանը։

Խաչատուր Ջուլֆակյան

«Պետք է հասկանալ, որ հանգիստ համընթաց շարժումով դուք չեք կարող ստեղծել նոր գիտություն։ Նոր գիտելիք՝ գուցե, բայց գիտություն՝ երբեք։ Նոր գիտության համար պետք է մեծ պայթյուն, և այդ պայթյունին պետք է հասնել»,- ընդգծեց Ալբերտո Մանտովանին։ Հրավիրյալ բանախոսը խոսեց նաև միջազգային փորձը Հայաստան բերելու կարևորության մասին. «Սա իմ երկրորդ գիտական այցն է Հայաստան։ Ես իսկապես տպավորված եմ Հայաստանի գիտական համայնքի եռանդով ու գաղափարներով։ Եվրոպան գիտության հիման վրա քաղաքականություն մշակելու լավ փորձ ունի, և այս փորձը կարող է օգնել Հայաստանի գիտական համայնքին հենց հիմա։ Ահա թե ինչպես կարող է միջազգային համագործակցությունն օգնել այս փոքր բայց չափազանց եռանդուն համայնքին»։

Ալբերտո Մանտովանի

Միջոցառմանը PMI Science-ը ասպիրանտական և ֆակուլտետային ծրագրերի շահառուներին հավաստագրեր հանձնեց։

Հինգ տարի է՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում իրականացնում է էկոհամակարգի զարգացման ծրագրեր՝ ԵՊՀ-ում՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրը։ PMI Science-ն իրականացնում է նաև ֆակուլտետային հետազոտական աշխատանքերի ֆինանսավորման ծրագիր, ասպիրանտների աջակցության ծրագիր, հրավիրյալ հետազոտողների ծրագիր և այլն։

«Այս ծրագրերի նպատակն այն է, որ գիտության ոլորտի երիտասարդները ֆինանսական պատճառներից ելնելով՝ այլ աշխատանքով զբաղվելու կարիք չունենան։ Սրանք կոմերցիոն ծրագրեր չեն։ Աշխատանքի արդյունքը՝ հեղինակային իրավունքները, միայն իրենցն են, իսկ մեզնից պարզապես ստանում են աջակցություն, որ շահագրգռված լինեն մնալ գիտության մեջ»,- նշեց կենտրոնի՝ նորարարությունների և համագործակցության պատասխանատու Օֆելյա Սարգսյանը։

Ծրագրերի կարևորության մասին են խոսում նաև շահառու խմբերը. «Ֆինանսական առումով ծրագիրը շատ ճկուն է ու սրանով տարբերվում է մյուս ծրագրերից»,- ասում են ֆակուլտետային ծրագրի շահառու խմբերից մեկի անդամները, որոնք զբաղվում են եռաչափ տպագրության միջոցով էլեկտրամեկուսիչ և ջերմահաղորդիչ դետալների պատրաստմամբ։

«Մենք գիտենք, որ մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը և Դևիդ Ջուլիուսը ստացել են Նոբելյան մրցանակ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար, մենք ցանկանում ենք այդ ռեցեպտորների ուսումնասիրությունը կատարել սերմնահեղուկներում։ Կարևոր է, որ մենք հայտնաբերենք այդ ռեցեպտորների ադապտիվ՝ հարմարվողական դերը սպերմատոզոիդներում՝ սթրեսի պայմաններում։ Այս հետազոտությունը կարևոր է լինելու ոչ միայն վերարտադրողական տեխնոլոգիաներում, այլև օրգանների տրանսպլանտացիայի հարցում»։

Հասմիկ Հովհաննիսյան

* Հոդվածը հրապարակվում է Ֆիլիպ Մորրիս ընկերության հետ գործընկերության շրջանակում