Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպման բաց հատվածում Փաշինյանը ասել է, որ հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ քննարկել տարածաշրջանային հարցերը։

«Մեզ մոտ իրավիճակը մնում է լարված։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը ղարաբաղյան խնդրի կարգավորումն է։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է նաև դեկտեմբերի 3-ին Լաչինի միջանցքի փակման մասին․ «ԼՂ-ում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Հույս ունեմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը», – հավելել է Փաշինյանը։

ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի հետ միշտ քննարկման հարցեր կան։

Պուտինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է․ «Ընթացիկ տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս, ինչը դրական ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, միշտ հարցեր կան, և ես ուրախ եմ դրանք քննարկելու նման հնարավորության համար»,- ասել Է նա։