Գյումրին կունենա ծերապարտեզ

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի` նախարար Ա. Ասատրյանն այսօր ընդունել է Շիրակի մարզի «Մեղվիկ» հասարակական կազմակերպության նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանին:

Վ.Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է կազմակերպության առաքելությունը: Այն ստեղծվել է 1988թ. և գոյության ողջ ընթացքում սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: 2012թ. շահագործման է հանձնվել «Հայաստան» համահայկական և «Սոցիալական ներդրումների» հիմնադրամների ֆինանսավորմամբ կառուցված «Մեղվիկի» նոր շենքը, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել երեխաների ցերեկային խնամք, ինչպես նաև Գյումրիի Նորավան թաղամասի 50 տարեցների համար ունենալ ծերապարտեզ:

Նախարարը նշել է, որ կազմակերպության առաքելությունն ու անցած ուղին համահունչ են երեխաների և տարեցների պաշտպանության ոլորտում նախարարության քաղաքականությանը:«Մենք անչափ կարևորում ենք ռիսկի խմբում հայտնված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ տարվող աշխատանքը, որի կազմակերպման արդյունավետ ձևերից է ցերեկային խնամքը: Գյումրին հայտնի է իր արվեստագետներով ու արհեստավորներով և ես ուրախ եմ, որ ձեր կենտրոնում տարեցները հնարավորություն ունեն իրենց փորձն ու վարպետությունը փոխանցել երեխաներին ` ուսուցանելով վերացման եզրին գտնվող ժողովրդական արհեստները: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք, իրականացնենք ծրագրեր` ելնելով մեկ սկզբունքից. երեխան պետք է ապրի իր կենսաբանական ընտանիքում»,- նշել է նախարարը և խոստացել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել կենտրոն: Մոտ ապագայում կքննարկվի նաև «Մեղվիկի» որոշ ծրագրերի, մասնավորապես` ծերապարտեզի համաֆինանսավորման հնարավորության հարցը:

Մեկնաբանել