Վրաստանի կառավարությունը սպառնում է քաղաքացիությունից զրկել Ուկրաինայում կռվող վրացիներին

Լուսանկարը՝ «Վրացական լեգեոն»-ի ֆեյսբուքյան էջից։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող կուսակցության նախագահը, ինչպես նաև կուսակցության այլ կարկառուն անդամներ, սպառնացել են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող վրացիներին զրկել քաղաքացիությունից։

Հինգշաբթի լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը կմիանա այլ երկրի զինված ուժերին, կզրկվի Վրաստանի քաղաքացիությունից։

«Եթե որևէ մեկը լքում է Վրաստանը և զորակոչվում է, օրինակ, Ուկրաինայի զինված ուժեր, դա ենթադրում է, որ նա դառնում է Ուկրաինայի քաղաքացի»,- ասել է նա։

Կոբախիձեն նաև փորձել է հստակ տարբերակում դնել այն վրացիների միջև, որոնք Ուկրաինայում կռվում են «ոգևորությամբ և հանուն գաղափարի» և նրանց միջև, որոնք, նրա խոսքով, այնտեղ են եղել «փողի դիմաց»։

«Հուսով եմ և ուզում եմ հավատալ, որ բոլոր 34-ը [Ուկրաինայում սպանված վրացի մարտիկները] կռվել են հանուն գաղափարի»,- ասել է Կոբախիձեն։

Թեև Կոբախիձեն զարմացել է, որ լրագրողները բարձրացրել են քաղաքացիության հարցը, նման հնարավորության մասին առաջինը այդ օրն ավելի վաղ խոսել էր հենց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, որը պնդել էր, որ դա «ավտոմատ կերպով» կարվի։

«Վրացական քաղաքացիության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացին, որը «առանց վրացական իրավասու մարմինների թույլտվության միանում է օտարերկրյա երկրի զինվորական, ոստիկանության կամ անվտանգության ծառայություններին», կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը։

Սակայն, ըստ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի՝ մարդիկ քաղաքացիությունից ինքնաբերաբար չեն զրկվում։ Նա ասել է, որ որևէ մեկին վրացական անձնագրից զրկելու համար պետական մարմինը պետք է դիմի Պետական ծառայությունների զարգացման գործակալություն։

Այնուհետև կուսակցությունը փորձել է հետ կանգնել իր ասածից՝ պնդելով, թե այդ հայտարարությունները նպատակ ունեն վրացի կամավորներին «նախազգուշացնել» իրավական իրականության մասին, ինչը, ըստ իրենց, վրացիներին հավաքագրողները չեն անում:

Կառավարության քննադատները, ներառյալ Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր խմբերը, դատապարտել են կուսակցության մեկնաբանությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում կռվող վրացի զինյալների դրդապատճառները կասկածի տակ դնելով և նրանց զգուշացնելով, որ իրենց քաղաքացիության հարցը կարող է վտանգված լինել, Վրաստանի իշխանությունները նպատակ ունեն վարկաբեկել նրանց։

«Վրացական լեգեոն»-ի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին դատապարտել է իշխող կուսակցությանը՝ իրենց վրացական քաղաքացիությանը սպառնալու համար։ Նա նաև հերքել է ենթադրությունը, թե իրենց մոտիվացնում են նյութական շահերը։

Ուկրաինայում գտնվող բազմաթիվ այլ վրացի կամավորներ նույնպես բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը։ «Սա ուղղակի սպառնալիք է. դրանով մեզ վախեցնել նրանք չեն կարող»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է Ռոմեո Պարուլավան:

«Անբարոյական պոպուլիզմ»

Կոբախիձեի սպառնալիքը հնչել է այն ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ը շարունակ ճնշման էր ենթարկվում Ուկրաինայում կռվող վրացիների նկատմամբ իրենց վերաբերմունքի պատճառով:

Երբ դեկտեմբերի 3-ին տեղեկություններ տարածվեցին, որ Ուկրաինայում մեկ օրում հինգ վրացի մարտիկ է սպանվել Բախմուտ քաղաքի համար մղվող ճակատամարտում, կառավարությունը կոշտ քննադատության արժանացավ լուրին պատշաճ չարձագանքելու, այդ թվում՝ սգո օր հայտարարելու կոչերն անտեսելու համար:

Դեկտեմբերի 5-ին մի քանի օր լռությունից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն հայտնեց զոհված մարտիկների հարազատներին, որպեսզի առիթը բաց չթողնելով նաև կշտամբի, իր ձևակերպմամբ, «արմատական ընդդիմությանը» և «պատերազմի ու դավաճանների կուսակցությանը»՝ Ուկրաինայում վրացի մարտիկներին հավաքագրելու համար։ Ըստ ամենայնի՝ Ղարիբաշվիլին նկատի է ունեցել նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Ղարիբաշվիլին նրանց մեղադրել է այս հարցում «անբարոյական պոպուլիզմի» մեջ, որի ապացույցը, ըստ նրա՝ իր հասցեին հնչող քննադատություն է և Ռուսաստանի հետ Վրաստանում «պատերազմի երկրորդ ճակատ բացելու» շարունակական ջանքերը։

Հասարակության բացասական արձագանքից հետո դեկտեմբերի 7-ին Ղարիբաշվիլին լրատվամիջոցներին մեղադրել է իր խոսքերը խեղաթյուրելու մեջ և պնդել, որ միայն «Վրացական լեգեոն»-ի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիի նման «հատուկ կամավորներն» են ներգրավված կոմերցիոն հավաքագրման գործում: Նա նաև ասել է, որ Մամուլաշվիլին կապված է «Միացյալ ազգային շարժման» հետ:

Մամուլաշվիլին հայտարարել է, որ ինքը որևէ կուսակցության չի հարում ֏ նշել, որ միայն իր քույրը՝ Նոնա Մամուլաշվիլիին, մինչև վերջերս եղել է «Միացյալ ազգային շարժման» անդամ: Լուսանկարը՝ Մամուկա Մամուլաշվիլիի Ֆեյսբուքյան էջից։

Ղարիբաշվիլիի՝ իր ավելի վաղ արած հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումից ժամեր անց իշխանամետ «PosTV» հեռուստաալիքը հայտնել է, թե իրենք «մերկացրել են» «Վրացական լեգեոն»-ին, որը, ըստ հեռուստաալիքի, 2016-ից ինտեգրվել է Ուկրաինայի զինված ուժերին, քանի որ նորակոչիկներին 2000 դոլար է առաջարկում։

Հետաքրքիր զուգադիպությամբ 2014 թ․ դեկտեմբերին՝ վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ժամանակ, Ղարիբաշվիլին նախատել էր այն ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարարին՝ Ուկրաինայում վրացի մարտիկների վերաբերյալ «քաղաքականացված» հայտարարություններ անելու համար։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել Լուգանսկում Վրաստանի քաղաքացի Ալեսքանդր Գրիգոլաշվիլիի մահվան կապակցությամբ՝ Ուկրաինայում վրացիներին կռվել խրախուսելու համար քննադատելով «Միացյալ ազգային շարժմանը»։

Էլեկտրաէներգիայի գեներատորներ և «խաղաղության քաղաք»

Երբ փետրվարին Ռուսաստանն սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, Վրաստանի կառավարությունը քննադատության է արժանացել Ուկրաինային պատշաճ կերպով չաջակցելու կամ Ռուսաստանին բացահայտ աջակցելու համար: Պատերազմի մեկնարկի մասին Պուտինի հայտարարությունից օրեր անց Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որպեսզի Ուկրաինայի կառավարության կողմից ուղարկված չարտերային չվերթը Թբիլիսիի օդանավակայանից վրացի կամավորներին տաներ Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու։ Սա հանգեցրեց երկու երկրների միջև հրապարակային առաջին վեճին, որին մի ամբողջ շարք հաջորդեց։

Վրաստանում Ուկրաինային սատարող ցույցերը գագաթնակետին հասան անմիջապես, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց իր լայնածավալ հարձակումն Ուկրաինայի դեմ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Նոյեմբերի 9-ին վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը էլեկտրաէներգիայի գեներատորներ կգնի Ուկրաինային նվիրաբերելու համար: Վարչապետն այս խոստումը տվեց երեք օր այն բանից հետո, երբ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը բողոքեց, որ գեներատորների վերաբերյալ խնդրանքին ի պատասխան իրենք մեկ ամիս արձագանք չեն ստացել Վրաստանից:

Գեներատորների վերաբերյալ քննադատությունը գնահատելով որպես «անտեղի բարձրացված աղմուկ»՝ Ղարիբաշվիլին չնշեց Վրաստանի կողմից ուղարկվելիք գեներատորների տեսակը կամ քանակը, ոչ էլ որևէ կերպ մեկնաբանեց, թե ինչու են այդքան ուշ արձագանքել Ուկրաինայի խնդրանքին։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հասցվող ավերիչ հարվածների ֆոնին Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի ընդհատումների խնդիրը լուծելու նպատակով օգնություն է խնդրել արտերկրից։

Նախքան Ղարիբաշվիլին ուրբաթ կհայտարարեր նվիրատվության մասին, բազմաթիվ վրացիներ էին միացել նոյեմբերի վերջին մեկնարկած «Կիսվիր լույսով» արշավին, որի շրջանակում գումար է հավաքվում գեներատորներ գնելու և դրանք Ուկրաինա ուղարկելու համար։ Ուրբաթ նախաձեռնության անդամները հայտարարել են, որ ավելի քան 300,000 լարի (114,000 դոլար) է հավաքվել:

«Վրացական երազանք»-ը քննադատության թիրախ դարձավ նաև այն բանից հետո, երբ կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հրաժարվեց վերանայել մայրաքաղաքի ամանորյա կարգախոսը, որն ինքն էր ընտրել՝ «Խաղաղության քաղաք»։

Իշխանության քննադատներն ասում են, որ կարգախոսը տեղին չէ՝ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը: Վրացի պաշտոնյաները, կարծես, հաստատել են, որ կարգախոսն ընտրվել է ի պատասխան, ինչպես իրենք են ձևակերպել, Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի։

Ի պատասխան՝ ընդդիմադիր «Դրոա» խումբը Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղադրված «Խաղաղության քաղաքի» ցուցանակի դիմաց սև ժապավեններ է կախել, ինչը Իրակլի Կոբախիձեն որակել է որպես «կեղտոտ սադրանք»:

Իշխանության քննադատները, այդ թվում՝ «Թալղա» («ալիք») հակակառավարական խումբը, նախատեսում են բողոքի ակցիա անել ուրբաթ երեկոյան՝ այն ժամանակ, երբ Կալաձեն պետք է քաղաքի տոնածառի լույսերը վառի։