Ադրբեջանցի «բնապահպանները» հասել են Արցախի Կաշենի հանքավայր, ապա հեռացել

Դեկտեմբերի 12-ին Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը «Այսօր «էկոլոգները» հայտնվել են Կաշենի հանքի առաջ» վերնագրով տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութը «նոր են ուղարկել, և դեպքը տեղի է ունեցել ցերեկը»:

ՍիվիլՆեթը զրուցեց նաև Կաշենի հանքավայրին մոտ գնտվող Ճանկաթաղ գյուղի բնակիչ Սամվել Մովսիսյանի հետ: Նա ասաց, որ ադրբեջանցի «բնապահպաններին» Ճանկաթաղի, Վարդաձորի և Ծաղկաշենի բնակիչները թույլ չեն տվել մտնել հանքի տարածք: «Առանձնապես երկար զրույց տեղի չի ունեցել, և բնապահպանական ստուգումներ իրականացնելու պատրվակով եկած ադրբեջանցիները շուտ հեռացել են»- ասաց նա:

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի – Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ երեք ժամով փակել էին Ստեփանակերտ – Գորիս մայրուղին:

Իսկ դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են «բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի ներկայացուցիչները, մասնավորապես Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Կաշենի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը տարիներ շարունակ պարբերաբար գլխավորում է Արցախ խոշոր հարկատուների ցանկը:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել