Խաղաղապահներն էին թույլատրել ադրբեջանցի «բնապահպանների» այցը հանքավայրեր՝ չհամաձայնեցնելով Արցախի իշխանությունների հետ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպանների» այցը համաձայնեցված է եղել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, սակայն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների հետ։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»,- նշվում է հաղորդագրությունում։

***

Այսօր մի խումբ ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս որպես բնապահպան, փորձել էին այցելել Արցախի հյուսիսում գտնվող Կաշենի հանքավայր։ Տեղացիները թույլ չեն տվել նրանց մուտք գործել հանքավայրի տարածք։

Տե՛ս՝ Ադրբեջանցի «բնապահպանները» հասել են Արցախի Կաշենի հանքավայր, ապա հեռացել

Մեկնաբանել