Ունևորներն ընդհանուր ծրարգրերից օգտվում են ավելի շատ, քան հասարակ մարդիկ, դա անընդունելի է․ Ռուբեն Վարդանյան 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնավարման 36 օրում շատ կարևոր գործեր են արվել, որոնք այդքան էլ չեն երևում, «այդ 36 օրը թույլ է տվել հասկանալ, թե ինչ վիճակում է Արցախի հասարակությունն ու տնտեսությունը»:

Ըստ Վարդանյանի՝ մի քանի ուղղությամբ արդեն սկսվել են փոփոխությունները. «Հավատացե՛ք ինձ՝ կան մի շերտ մարդիկ, որոնք ունևոր են և տարբեր հարաբերություններ են ունեցել կառավարության հետ։ Նրանք արդեն զգացել են, թե ինչ է փոխվել: Հասարակ մարդը, կարող է, չի զգացել փոփոխությունները, հարուստը կամ ունևորը արդեն լավ զգացել են տարբերությունը, որովհետև մենք մտցրել ենք շատ հստակ և կտրուկ պայմաններ»:

Խոսելով փոփոխությունների մասին՝ նա ասաց, որ դրանք ցավալի ռեակցիա են բերելու։ «Ցավալի է լինելու էլիտայի մարդկանց համար, որոնց հնարավորոթյունները ավելի շատ են։ Ընդհանուր միջավայրը հասարակության մեջ ստեղծել է շատ հիվանդ իրավիճակ. ունևորները ընդհանուր ծրարգրերից օգտվում են ավելի շատ, քան հասարակ մարդիկ, և դա անընդունելի է ինձ համար»։

Լրագրողի հարցին, թե կան արդյոք պաշտոնները բաշխելու վերաբերյալ պայմանավորվածություններ քաղաքական ուժերի հետ, Վարդանյանը պատասխանեց՝ չկան, և շնորհակալ է Արցախի նախագահին փոփոխությունների հարցում իրեն հարյուր տոկոսանոց մանդատ տրամադրելու համար:

Ինչ վերաբերում է պետական կառավարման արդյունավետությանը՝ նա ասաց, որ դա ևս լուրջ խնդիր է. «Մի կողմից մենք ունենք պահանջ և հաստիքները չենք կարողանում լրացնել բիզնեսում և պետական համակարգում, մյուս կողմից ունենք շատ մարդիկ, որոնք ոչ արդյունավետ են աշխատում: Դրա պատճառը պատերազմն է, պատերազմի հետևանքներն են: Մենք ունենք մարդիկ, որոնք իսկապես ուզում են փոխվել, մենք ունենք մարդիկ, որոնք պատրաստ չեն փոխվել և վստահ են, որ պետությունն ամեն ինչով իրենց պիտի ապահովի: Ուղղակի կրճատելով ոչինչ չի ստացվի: Մենք պետք է այդ մարդկանց համար վերապատրաստվելու պայմաններ ստեղծենք և երիտասարդներին էլ հնարավորություն տանք: Մենք ունենք տեղեր, որ ընդհանրապես մասնագետ չունենք, տեղեր ունենք, որ շատ-շատ են: Դրա համար շատ տարբեր է իրականությունը, հեշտ որոշում չի լինելու: Այդ որոշումը մարդկանց ցավ է պատճառելու, բայց ամեն ինչ անելու ենք, որ այդ ցավը փափկացնենք, որովեհտև մարդիկ, որոնք ապրում են Արցախում, արժանի են հարգանքի և օգնության»:

Շուտով կընդունվի Արցախի 2023 թվականի բյուջեի նախագիծը։ Վարդանյանն ավելի վաղ խոստացել էր, որ կլինի նոր ծրագրային բյուջե: «Ի՞նչն է փոխվելու» հարցին Վարդանյանը պատասխանեց, որ այն պետք է լինի պրոյեկտային. «Ոչ թե ուղղակի փող բաժանենք, այլ փող ծախսելուց հասկանանք, թե ինչ արդյունքներ ենք ստանալու: Արդյունքները պետք է դրվեն մինչև պրոյեկտ սկսելը, ոչ թե վերջում»:

Մեկնաբանել