Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ Փաշինյան

Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության 3 սցենարով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափումը, երբ պարազպես ԼՂ հայերը հնարավորություն չեն ունենա ապրել իրենց հողում։ Դրա մինի մոդելին, ըստ Փաշինյանի, ականատես ենք եղել ԼՂ Հադրութի շրջանում, որտեղ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ոչ մի հայ չի ապրում։ Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել, ինքնության կորուստն է․ «Այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների դեմ, պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է։ Երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի նախանշանները տեսել և տեսնում ենք մինչ օրս»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021-ին ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձը դիպուկահարի կրակոցից սպանվեց տրակտորի ղեկին գտնվելիս։ Նա ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ էին անում լքել իրենց բնակավայրերը։ Նրա կարծիքով՝ նշվածները ոչ թե առանձին, այլ հետևողական գործողություններ են, որոնք ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում։

«Թվում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց ցավոք հետագայում քայլ-քայլ մենք մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,- նկատեց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։

«Ադրբեջանն ամեն առիթով ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել ԼՂ իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց միջազգային հարթակներում հնչող այդ հայտարարության տերը կարծես միջազգային հանրությունն է, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք այդ նախադասության շահառուն են։ Կարծում ենք, որ այդ ուղերձը իրական կլինի, երբ այն լսելի կդառնա Ստեփանակերտում՝ ԼՂ հայության շրջանում»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել