Երբ կինն իրեն նույնացնում է Rolls Royce-ի հետ․․․

«Կարևոր փաստ, որ տղամարդը սիրում է ձեզ: Նա հպարատանում է, որ դուք իր կինն եք: Նա չի թաքցնում ձեզ ընկերներից, ընտանիքից, հարազատներից: Հպարտանում է ձեզանով, հրավիրում է ձեզ միջոցառումների, որտեղ գործընկերներն են, ծանոթներն են, և դա շատ համահունչ է: Օրինակ, երբ տղամարդը ձեռք է բերում Rolls Royce, նա չի պահում ավտոտնակում և չի ասում ուրիշների՝ գիտեք ինչ, ես ունեմ մեքենա, ուղղակի նա ավտոտնակում է, այլ նա վերցնում է, խնամում է իր մեքենան, վարում է, բոլորին ցույց է տալիս և հպարտանում է իր մեքենայով: Նույնն էլ կնոջը: Բոլորին կասի, որ ինքն ունի կին ու կհպարտանա նրանով: Դա հպարտություն է իրեն համար: Եթե ձեզ մոտ էլ է այդպես, դա նշանակում է, որ նա ձեզ սիրում է»։

Ցիտել եմ բառ առ բառ՝ մնալով հավատարիմ շարահյուսությանը: Նախապես ներողություն եմ հայցում այս մտքերը շրջանառելու համար: Խնդրում եմ դրանց մոտենալ որպես ագելված ու գերթունավոր իմաստների, իսկ 18 տարին չբոլորածներին, անկախ սեռից, ընդհանրապես հեռու պահել էկրանից:

Անիրատեսական ծավալուն շուրթերով, արևմտյան ոճին հավատարիմ, արևելյան առանձնահատուկ առատությամբ շպարված երիտասարդ կին է սոցիալական ցանցի հարթակից նազուկ խոսում իր 39 000 հետևորդների հետ: Ուսանող է, հոգեբան, բայց արդեն ինֆլյուենսեր է: Օտարահունչ, ականջ ծակող մի բան է, որը ձևի շղարշով ծածկում է բովանդակության բացակայությունն ու եղածի մահացու վտանգները: Հոգեբանների ազգային ընկերակցություն էլ չկա, որ նման դեպքերի համար կարգավորման ընկերային մեխանիզմներ ունենա ու թույլ չտա մարդկանց դառնալ անորակության զոհ:

Հիշեցի ազգային խտրականության հենքի վրա Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպությունների զեկույցը, որտեղ ատելության խոսքն ու դրա առարկայական օրինակները արդարացի պահանջ էին առաջացրել դիմել ՄԱԿ-ի պատկան մարմիններին և հանրայնացնել արդյունքները, որովհետև այս դեպքում հայերս ադրբեջանցիների, մասնավորապես, քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կողմից համեմատվում էինք բարբարոսների, հիվանդության և առնետների հետ: Հիշեցի, որ անցյալում էլի մի անգամ մեզ մինչև բնաջնջելը ապամարդկայնացրել են՝ փորձել են զրկել մարդկային որակներից: Հիշեցի նաև հրեաներին ապամարդկայնացնելու ողջ ուղին ու դրա հետևանքները: Դրանք երբեք լավ վերջաբան չեն ունենում:

Մարդուն ոչնչացնելու լավագույն ձևը, անգամ միջանձնային կոնֆլիկտում, մարդկային որակներից զրկելն է: Դրան հաջորդում է ակտիվ բախումը վերջնական ոչնչացման նպատակով: Եվ ուժերի դասավորությունն ու միջավայրային իրավիճակն է, որ կարող են կանխորոշել վերջնական ոչնչացումը կամ ագրեսիայի չեզոքացումը:

Իսկ ի՞նչն է ստիպում մարդուն ինքնաառարկայանալ: Շատ առեղծվածային է թվում: Ինչո՞ւ չի ընդվզում, չի կռվում ողջ աշխարհի հետ: Փոխարենը նազուկ խորհուրդ է տալիս մյուսներին համեմատվել լյուքս դասի մեքենայի հետ: Որտեղի՞ց է գալիս այդ ինքնաոչնչացման մղումը:

Այդ տեսանյութից հետո հարցերի տարափն ու զայրույթը հանգիստ չէին տալիս: Որոշեցի ծանոթանալ անցյալի գիտական հետազոտություններին: Մեծ մասը, ի դեպ, հենց հոգեբանության ոլորտից են: Ափսոս, հոգեբանների մի ընկերակցություն էլ չկա, որ իր հեղինակային խոսքը ասի: Շատ ափսոս:

Առարկայացման տեսության հենքի վրա արված հետազոտություններից մեկում կարդացի, որ կանանց մարմնի առանձին մասերի ինքնագիտակցման փաստը, օրինակ, մարմնի որոշ մասերի ձևը, գիրությունը կամ հակառակը՝ նիհարությունը, դիմագիծը, կնճիռները կարող են անբավարարվածության բացասական հետևանքներ առաջացնել: Սա մեզ կարող է սխալ ուղղությամբ տանել, երբ նման կանանց մենք էլ մեր հենթին կփորձենք օգնել դուրս գալ ինքնաառարկայացման փակ շղթայից: Սակայն խնդիրը ավելի խորն է և իհարկե ունի ապամարդկայնացման՝ այս դեպքում առարկայացման միջոցով ապամարդկայնացման պրոցեսում ներգրավված մեկ այլ սուբյեկտ, որին պիտի ուղղված լինեն սոցիալական նորմավորման ակտիվ միջամտությունները:

Հիշեցի երիտասարդությանս տարիների երևանյան փողոցներում կանգնած տղաների սուլոցներն ու ֆսսոցի ձայները էս կամ էն տղու ճաշակին հարմար աղջկա հետևից: Տեսնես հիմա ի՞նչ սիմվոլիկ ագրեսիայի ակցիաներ են պտտվում ջահել տղերքի ու աղջիկների հարաբերություններում: Մեդիային չանդրադառնամ իր անվերջ թվացող գովազդներով, սերիալներով ու այլ հաղորդումներով: Կարծես՝ թարմ կանացի մսի հաղթարշավ լինի: Անպայման մարմնի ինչ-որ մի մասի ցուցադրությունը մարքեթինքի կանոնների համաձայն վաճառքի ծավալները կմեծացնի: Բան չկա, որ ընթացքում էլ կինը իր մարդկային ամբողջության մեջ չի արժևորվի: Մի ազդր կամ կրծքավանդակը ցույց տալը հո վնաս չի՞ տա: Անշառ բան է, բայց փոշեկուլի վաճառքը կկրկնապատկի, աշխատատեղ, բան…

Սուռոգատ մայրության մասին հիմա չեմ խոսի: Առանձին ու երկար զրույց է: Բայց էլի կնոջ մարմնի առանձին մասի վրա գնապիտակ կպցնելու ու դա ապամարդկայնացնելու շատ տարածված ու օրինական, բայց խորապես անբարոյական փորձ է:

Վերադառնալով տեսությանն ու դրա հիման վրա արված կիրառական հետազոտություններին՝ հետաքրքրական է, որ կանայք ոչ միայն ինքնաառարկայացվում են, այլ այդ շղթայում ներքաշում են այլ կանանց: Նրանք իսկապես կարող են առարկայացնել այլ կանանց, որովհետև ինքնագնահատման նշաձողը ապամարդկայնացվել է և համեմատության եզրը դարձել մարմնի այս կամ այն մասը կամ էլ այդ դեպքում՝ լյուքս դասի մեքենան: Բայց խնդրի արմատներին հասնելու համար թիրախում պիտի հայտնվեն տղամարդկանց տեսակետները, թե ինչպես են արտահայտվում կանանց մասին որպես անհատ և փոխվեն կնոջ մարմնի վերաբերյալ կոլետիվ՝ մշակութային ընկալումները: Մեդիայի դերի մասին էլի լռեմ: Վստահ եմ՝ պատկերացնում եք, թե որքան մեծ է:

Ափսոս հոգեբանների ընկերակցությունն էլ չկա, որ էս ընթացքում իր հանրային ձայնը լսելի դարձներ: Այս դեպքի հիման վրա նաև հայտարարություն տար ինքնաառարկայացման վտանգների, դրանց արմատական պատճառների ու լուծման հնարավոր ձևերի մասին: Իսկ մինչ այդ թախանձագին խնդրում եմ, ուշադիր հետևեք, որ ձեր երեխաներն այդ նազուկ տեսանյութերից հեռու մնան: Դրանք ծայրահեղ թունավոր են ու կարող են անշրջելի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ ընկճախտի և սննդային խանգարումների դրսևորումներով:

Լավ եղեք:

Մեկնաբանել