Խաղաղապահները կկիրառեն բոլոր գործիքակազմերը՝ կանխելու Լաչինի սադրանքը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:

Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- ասված է հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Մեկնաբանել