Արցախը Հայաստանին կապող մայրուղին շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,- ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Մեկնաբանել