Ինչպես բացահայտել կեղծ լուրերը. ուղեցույց

Կեղծ լուրերը, ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները նոր երևույթներ չեն: Սակայն համացանցի ու սոցիալական ցանցերի միջոցով կեղծիքները կարող են տարածվել ավելի արագ և հասնել ավելի շատ մարդկանց, քան նախկինում էր։

Կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները հաճախ դիտավորյալ չեն լինում, սակայն շատ դեպքերում դրանք ստեղծվում ու տարածվում են միտումնավոր՝ հետապնդելով քաղաքական կամ տնտեսական շահեր։

Թե դիտավորյալ, թե ոչ դիտավորյալ կեղծ լուրերի ու պնդումների զոհ չդառնալու համար անհրաժեշտ է կիրառել որոշակի ռազմավարություն։

Ուշադրություն դարձրեք աղբյուրին. արդյոք այն ծանո՞թ է ձեզ, վստահե՞լի է, արդյոք այն նախկինում հավաստի՞ է եղել։ Եթե ոչ, ապա միգուցե չարժե վստահել այդ աղբյուրին։

Ուշադրություն դարձրեք նաև կայքէջի անվանը, որում կարդում եք լուրը կամ հոդվածը: Որոշ կեղծ կայքեր նմանակում են ավելի վստահելի և իրական լրատվամիջոցների կայքերին՝ նպատակ ունենալով շփոթեցնել ընթերցողներին։ Կայքի անվանումը շատ բան կարող է ասել: Խառնիխուռն, տառեր ու թվեր ունեցող, երկար անվանումներով կայքերը, որոնք նաև գրանցված են կասկածելի դոմեյններում, մեծամասամբ կեղծ կամ սունկ կայքեր են լինում։ Եթե տեսնում եք, որ կայքի անվանումը մի փոքր այլ տեսք ունի, քան դուք սովոր եք տեսնել, արժե ուղղակի չբացել այդ կայքերից ձեզ առաջարկվող նյութերը։

Այդպիսի կայքերից ձեզ հանդիպող նյութերը, որոնք առավելապես ունենում են, այսպես ասած, քլիքբեյթ վերնագրեր, նպատակ ունեն գրավել ձեր ուշադրությունը, որսալ «քլիքներ» և այդպիսով գումար աշխատել գովազդատուներից։ Դրանք օգտագործում են շոկային, սկանդալային, սենսացիոն վերնագրեր, այդ կայքերում հոդվածի բովանդակությունը հեղինակային չէ․ վերցված է այլ տեղից։

Եթե ձեզ հանդիպել է շոկային վերնագրով հոդված, այն որպես փաստ ընդունելուց կամ տարածելուց առաջ պարտադիր է նախ ծանոթանալ հոդվածի բովանդակությանը։ Վերնագրերը հաճախ կոնտեքստից կտրված են լինում, չեն արտացոլում հոդվածի բովանդակությունը, ավելին՝ հոդվածում հերքվում է վերնագրում արվող պնդումը և այլն։ Անգամ հեղինակավոր լրատվականներում միշտ չէ, որ վերնագրերը ներկայացնում են ամբողջ պատմությունը:

Խուսափեք բացել այն հոդվածները, որոնց վերնագրերում հայերեն տառերի կողքին կամ փոխարեն օգտագործվում են օտարալեզու տառեր, տագնապ առաջացնող, հրամայական բառեր։ Գայթակղիչ, երկար, երկու մասից բաղկացած վերնագրերը ևս առավելապես մոլորեցնելու և քլիք որսալու նպատակ ունեն, այդ պատճառով անհրաժեշտ է անտեսել այդ հղումները։

Ստուգեք նաև ամսաթիվը. հաճախ կայքերը, հետապնդելով տարբեր շահեր, վերատպում են հին նյութերը՝ դրանք ներկայացնելով որպես նորություն։ Անհրաժեշտ է որոնողական համակարգերում փնտրել վերնագիրը կամ տեքստից որևէ կարևոր հատված հավաստիանալու համար՝ այն նոր է, թե ոչ։ Բացի այդ, սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում են զգայուն վերնագրերով ու բովանդակությամբ լուրեր, որոնք, սակայն, նորություն չեն ու կորցրել են արդիականությունը։ Միշտ ուշադրություն դարձրեք շոկային լուրի ամսաթվին։

Շատ լուրեր հաճախ ոչ թե կեղծ են լինում, այլ հումորային։ Դրանք կրում են երգիծական բնույթ և ծաղրում են լուրերը, քաղաքականությունը, հանրային տարբեր իրադարձությունները և կարող են իսկապես իրական թվալ։ Որպես կանոն այդպիսի նյութեր հրապարակող կայքերում հստակ նշված է լինում, որ այն գրված է երգիծանքի ժանրում, սակայն հաճախ այդ նյութերը տարածվում են այլ կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց դրա երգիծական լինելու մասին նշման։

Հարցրեք մասնագետներին։ Այս ամենը միգուցե դժվար է թվում։ Որոշ բացահայտումներ իսկապես ժամանակ են պահանջում, որը, հնարավոր է, դուք չունեք։ Ձեզ օգնության են գալիս փաստեր ստուգողները։ Շատ հավանական է, որ ձեզ հանդիպած պնդումը նրանք արդեն ստուգել են։ Բացի այդ, դուք կարող եք դիմել նրանց՝ ձեզ կասկածելի թվացող պնդումը ստուգելու համար։


Սակայն հիշեք, որ միևնույն է՝ ընթերցողն ինքն է մնում ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնագծում։