Սերժ Թանգյանն այսօր դառնում է 45 տարեկան

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը ծնվել է 1967 օգոստոսի 21, Լիբանանի Բեյրութ քաղաքում։

Դպրոց գնացել է Լոս Անջելեսում, ուսումը շարունակել մարքեթինգի բնագավառում: Շատ է սիրել երաժշտությունը, սակայն երկմտել է այդ ուղին ընտրել ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով: Նրա մտահոգությունները կանխել է հայրը. «Որդիս,- ասել է,- եթե հարկ լինի, ես կգտնեմ երկրորդ, երրորդ աշխատանքները, բայց դու գնա քո երազանքի հետևից, քո երաժշտությամբ զբաղվիր»: 90-ական թվականների սկզբին Սերժ Թանգյանը հանդիպել է Դարոն Մալակյանի հետ, ում հետ էլ հիմնել է նոր ռոք խումբ. ձայնագրվել են Սերժ Թանգյանի սեփական ձայնագրման` Serzhical Strike ստուդիայում: Ի սկզբանե ընտրելով ըմբոստության ժանրը` ռոքը, Թանգյանը հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ երգերով ու ելույթներով:

Համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ` նա ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին` պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք միասին կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ, մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգներն և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: 2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացել է Սերժ Թանգյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը:

Սերժ Թանգյանը հայտնի է` որպես ակտիվ հասարակական գործիչ, ով խնդիրներ է բարձրացնում մամլո հաղորդագրություններով, հարցազրույցների ժամանակ համարձակ պատասխաններով, իր խոսքին սպասող երիտասարդներին կոչեր ուղղելով և, իհարկե, իր երաժշտության միջոցով: Նրա երգերի ու խոսքի առանցքում են համամարդկային խնդիրները` ցեղասպանությունները, սոցիալական անարդարությունը, բնապահպանությունը, և այդ շրջանակում հայաստանյան խնդիրները` Հայոց Ցեղասպանությունը, արտագաղթի, սոցիալական անհավասարության, Թեղուտի անտառի հարցերը:

«Ամենակարևորն այն է, որ երբ առաջին անգամ եկա այստեղ մարդկանց դեմքերին հուսալքություն կար. դա շատ ավելի վատ բան է, քան` աղքատությունը: Կարծում եմ, մենք բոլորս պիտի ձգտենք արդարության գերակայությունը վերահաստատել… Հիմա բիզնեսն ու քաղաքականությունը նույն աթոռին են նստած. մեկնումեկը պիտի այդ աթոռից իջնի: Դա շատ լուրջ խնդիր է, պետք է բիզնեսը առանձնացնել քաղաքականությունից: Բիզնեսը վատ բան չէ, բայց պետք է արդար ճանապարհով փողն աշխատել»,- ասել է Թանգյանը շուրջ մեկ տարի առաջ Սիվիլիթասում կազմակերպված հանդիպման (http://www.youtube.com/watch?v=XnhM8pOo6H0) ժամանակ: «Պետք է համբերատար լինենք, ուժեղ լինենք, և խնդիրները մինչև վերջ տանենք, պիտի չհոգնենք»,- վստահ է Թանգյանը. այդ դեպքում կընկրկեն խնդիրները:

Մեկնաբանել