Ադրբեջանի սադրանքները Լաչինի միջանցքում պարբերական են լինելու․ արցախցի անկախ պատգամավոր

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին դեկտեմբերի 12-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Թեմայի վերաբերյալ ՍիվիլՆեթը մի քանի հարց է ուղղել Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին։

– Արդեն երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Նախորդ անգամ երեք ժամ փակ մնաց ճանապարհը։ Այս անգամվա մասին ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ շարունակություն կարող է ունեալ այս ամենը։

– Ադրբեջանի սադրանքները Լաչինի միջանցքի երկայնքով, ինձ թվում է, պարբերական բնույթ են կրելու։ Եվ ոչ միայն Լաչինի միջանցքում, որովհետև նրանք խնդիր ունեն, առաջին հերթին, կոտրելու արցախահայության ոգին։ Եվ ինչքան քիչ հայ մնա Արցախում, այնքան հետագայում իրենց անելիքները կհեշտնանան։ Երկրորդ, այս գործողությունները՝ սադրանքը, որ իրենք կազմակերպել են, ավելի շատ հարված է խաղապահների աշխատանքին և ավելի շատ հարվածում է եռակողմ հայտարարությանը, որտեղ դրված է նաև իրենց նախագահի ստորագրությունը։

Սա ի՞նչ է հուշում ինձ։ Ալիևն այսօր թերևս միջազգային հարթակներում որոշակի խնդիր ունի․ նա շատ լավ է հասկանում, որ Արցախի հարցը լուծված չէ, ինչքան էլ որ տարբեր ամբիոններից հայտարարում է, թե Ղարաբաղի հարց այլևս չկա։

Միզազգային քաղաքական ասպարեզում ինքն իր դիրքերը զիջում է մի կողմից, մյուս կողմից էլ խնդիր ունի իր նեքրին լսարանի համար, որպեսզի կարողանա հիմնավորել ամպագոռգոռ հայտարաությունների մեջ ներառած այն թեզերը, որը վաղը-մյուս օրը բացում է Մեղրիի միջանցքը, այլևս չկա Ղարաբաղի հարց։ Այդ ամբողջ կուտը տվել է իր ժողովրդին, և հիմա երևի նրա դիրքերը իր երկրի ներսում սկսում են թուլանալ։ Այս ամբողջ կրկեսը, որ կազմակերպել են, ուշ թե շուտ տանելու է տրամաբանական լուծման։ Եվ այդ ամբողջի մեջ ուղղակի անհրաժեշտ է, որ մենք նախ չկորցնենք մեր շրջահայացությունը, խուճապի չմատնվենք և, երկրորդ, կարողանանք ճիշտ հաշվարկված քայլերով փորձել իրավիճակը շտկել։

Թե ինչքան կտևի․․․ ենթադրում եմ ոչ շատ երկար։ Ոչ այնքան երկար, որ այստեղ սովամահ լինենք, բայց հաստատ ինչքան ժամանակով էլ Լաչինի միջանցքը փակվում է, բնակչության հումանիտար խնդիրները միանգամից ջրի երես են դուրս գալիս։

– Մենք՝ շարքային քաղաքացիներս, ի՞նչ կարող ենք անել այս օրեին։ Նման դեպքերում, գիտեք, սոցիալական ցանցերում, կարծես, խուճապ է սկսվում։

– Իրավիճակը իսկապես մտահոգիչ է։ Ծնողները մտահոգվում են իրենց անչափահաս երեխաների համար, հիվանդապահները՝ իրենց հարազատների համար։ Կրկնեմ՝ որովհետև ինչքան երկար է փակված մնում ճանապարհը, այնքան հումանիտար խնդիրները ջրի երես են դուրս գալիս։ Ի՞նչ պիտի անի ժողովուրդը։ Նախ, ասում եմ՝ անհրաժեշտ է տոկունություն, պիտի հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մի նավի մեջ, և այդ նավը ոչ բարվոք վիճակում է։ Եվ ավելորդ խուճապը՝ վազվզոցը, գոռուն-գոչյունը գործին օգուտ չեն տալիս։ Պետք է առանց վախենալու, առանց հուզականության հասկանալ, ուս-ուսի կանգնել, որպեսզի կարողնանք այս վիճակը հաղթահարել։ Կրկնեմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պատերազմը չի վերջացել, դա հրադադար էր, այդ պահին հնարավոր ելքն էր։ Թե ինչու է հասել այդտեղ, հարցի մյուս կողմն է, այս խոսակցության թեման դա չէ։ Բայց նոյեմբերի 9-ից հետո պայքարը շարունակվում է, և արցախահայությունը երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի միջազգային հանրությունը վերջիվերջո ընդունի, որ նա ունի իքնորոշման իրավունք, ունի կյանքի իրավունք, ունի ինքնապաշտպանվելու իրավունք։ Իհարկե, կարևոր է միջազգային մեխանիզմների ներդրումը, որպեսզի արցախահայության գոյապահպանումը չվտանգվի։

Զրուցեց Հայկ Ղազարյանը

Մեկնաբանել