Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը կարծում է, որ ռուս խաղապահները րոպե առաջ պիտի համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի արցախցին զգա խաղաղապահի շունչը իր թիկունքում:
Բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտից կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկում: ժամը 19:00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ։
Գալստյանը կարծում է, որ պետք է դուրս գալ հրապարակ և ռուս խաղապահներից, Արցախի և որպես եռակողմ հայտարարության կողմ՝ Հայաստանի իշխանություններից պահանջել օր առաջ լուծում տալ ստեղծված վիճակին. «Հասարակությունը պետք է պահանջատիրական հավաք անի, ինչպես դա եղավ հոկտեմբերի 30-ին և միջազգային հանրությանը ցույց տա, որ մենք աղետալի վիճակի առաջ ենք կանգնել: Բայց տեսնում ենք, որ ժողովուրդը այդքան էլ ակտիվ չէ այդ գործողություններում: Միգուցե իշխանությունն է նրանց զսպում, չեմ կարող միանշանակ գնահատական տալ: Համոզված եմ՝ եթե ժողովուրդը դուրս գա հրապարակ և տեր կանգնի իր իրավունքներին, հարցերը ավելի հեշտ կլուծվեն»:
Նա ասաց, որ հասարակ մարդուն հետաքրքիր չէ, թե ինչ պատրվակով է փակվել ճանապարհը, քանի որ շահառուները մենք ենք, ճանապարհից օգտվողները Արցախի քաղաքացիներն են: Իսկ եթե լուռ մնանք ու հույսներս դնենք այս իշխանությունների և միայն ռուս խաղաղապահների գործողությունների վրա, ապա մեր հարցերը օպերատիվ ու ժամանակին չեն լուծվելու: