Բրյուսելը չի երկարաձգի ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում. Բորել

Բրյուսելը չի երկարաձգի Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում։ Նման որոշում է ընդունվել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բորելի գնահատմամբ՝ հոկտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության գործունեությունը եղել է արդյունավետ։

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ պայմանավրովածությունների համաձայն՝ առաքելությունն իր աշխատանքը կավարտի դեկտեմբերի 19-ին», – նշել է Բորելը։

ԵՄ դիվանգիտության ղեկավարը նաև հայտնել է, որ Հայաստան կարող է ուղարկվել խումբ հետագա հնարավոր քաղաքացիական առաքելության գործունեության ծրագրման համար։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի, սակայն Հայաստան ուղարկված այս առաքելության գործունեության ժամկետն ավարտվում է այս ամսվա 19-ին», – եզրափակել է Բորելը։

***

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։