ՀՀ իշխանությունները պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները նշում են, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր Արցախի և Հայաստանի միջև անխափան կապի վերականգման համար։ Արցախի ԱԺ-ն ակնկալում է նաև, որ խաղաղապահները կկանխեն ադրբեջանական սադրանքները։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Աջակցել մեզ

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի´ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»,- ասված է հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Մեկնաբանել