Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Աջակցել մեզ

«Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում:

Ընդգծում ենք, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար:

Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Մեկնաբանել