Սորոսը խոշոր ներդրումներ է անում «Մանչեսթեր Յունայթիդ»-ում

Հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսի Soros Fund Management ներդրումային ընկերությունը տվյալներ է հրապարակել «Մանչեսթեր Յունայթիդ» ֆուտբոլային ակումբում իր մասնաբաժնի մասին, հաղորդում է CNN-ը: Պարզվում է, որ Սորոսի հիմնադրամը տնօրինում է ակումբի` $40,7 մլն-ի առնվազն 3,1 մլն բաժնետոմսերը (հիմք ընդունելով օգոստոսի 20-ի առևտրաշրջանի փակման $13,06`մեկ բաժնետոմսի դիմաց գինը): Դրանք ձեռք են բերվել Quantum Partners-ի միջոցով:

Այդպիսով` Soros Fund Management-ը տնօրինում է A դասի բաժնետոմսերի մոտ 7,85%-ը (միայն դրանք են հանվել IPO-ի): Արժեթղթերի` ըստ դասերի առանձնացնելու պատճառով Սորոսի մասնաբաժինը «Մանչեսթեր Յունայթիդ»-ում կազմում է մոտ 2%:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթիդ»-ի բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխումը տեղի է ունեցել Նյու Յորքի ֆոնդային բորսայում օգոստոսի կեսերին` գնային միջակայքի ենթադրվող նվազագույն առաստաղից ցածր մակարդակում: Այդուհանդերձ, ակումբի բորսայի դեբյուտը դարձել է ամենամասշտաբայինը ակումբային սպորտի պատմության մեջ` ներգրավված միջոցների ծավալով:

Բաժնետոմսերի IPO-ից հետո Ջորջ Սորոսը ակումբի ամենախոշոր բաժնետերերից է:

Մեկնաբանել