ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ադրբեջանին կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Աջակցել մեզ

«Լաչինի միջանցքի փակումը ծանր հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ պետական դեպարտմենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Եվրամիության կայքում հայտարարություն է տեղադրվել, որում ասվում է, որ ԵՄ-ն դեկտեմբերի սկզբից մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

ԵՄ-ն ևս կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»,- նշված է հայտարարությունում:

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել