Ուր են տանում ադրբեջանցի «բնապահպանների» հետքերը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Շուրջ երեք օր է, ինչ Լեռնային Ղարաբաղն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակ է։ «Բնապահպաններ» ներկայացող ադրբեջանցի մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են Լաչինի միջանցքը՝ պնդելով, թե բողոքի գործողություններն իրականացնում են բնապահպանական նկատառումներով՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում «էկոտեռորի» մասին։

Ադրբեջանցիները դեկտեմբերի 3-ին, կրկին բնապահպանական խնդիրների պատրվակով, փակել էին Լաչինի միջանցքը, սակայն երեք ժամ անց բանակցությունների արդյունքում բացել էին այն։ Եթե դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակած «բնապահպան-ակտիվիստները» երկու տասնյակ էին՝ միայն տղամարդիկ, ապա դեկտեմբերի 12-ի առավոտից բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանցիների թիվը մի քանի անգամ կրկնապատկվել է, շարքերում հայտնվել են նաև կանայք։

Ինչպե՞ս են «ակտիվիստները» հասել Շուշի

Ադրբեջանցիների ոչ փոքրաթիվ խմբի հայտնվելը Լաչինի միջանցքում մի շարք հարցեր է առաջացնում։ 2020-ի պատերազմից հետո, երբ Շուշին և մյուս քաղաքներն ու բնակավայրերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքուն սկսեց տարբեր գործիչների և քաղաքացիների այցելություններ կազմակերպել այդ տարածքներ։ Ադրբեջանի քաղաքացիները ևս հնարավորություն ունեն այցելել այդ բնակավայրեր, սակայն միայն հատուկ թույլտվություն ստանալով։ Նրանք կարող են այցելել Շուշի, Ակնա (Աղդամ) և այլ բնակավայրեր պետության տրամադրած ավտոբուսներով՝ ոստիկանության ուղեկցությամբ։ Այցելած քաղաքներում այդ երկրի քաղաքացիները կարող են գտնվել 2-3 ժամ, ինչից հետո պարտավոր են վերադառնալ։

Վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Բաքուն հայտնել է քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք առանց թույլտվության մտել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր դիմել ադրբեջանցիներին՝ կոչ անելով առանց թույլտվության չմտնել այդ տարածքներ։

Փաստացի, ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» Լաչինի միջանցքում հայտնվել են պաշտոնական Բաքվի թույլտվությամբ, հակառակ պարագայում միջանցք հասնել չէին կարող․ ճանապարհին առկա տարբեր անցակետերում նրանց կձերբակալեին, ինչպես եղել է նախկինում։

Ի՞նչ կապ ունեն ճանապարհ փակողները բնապահպանության հետ

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը փորձեց պարզել, թե վերջին տարիներին Ադրբեջանում բնապահպանական նկատառումներով ինչ բողոքի ակցիաներ են եղել և ովքեր են դրանք կազմակերպել։ Բաց աղբյուրներում հաջողվեց գտնել 2021-ի ամռանը Բաքվում «Էկոֆրոնտ» ՀԿ-ի իրականացրած բողոքի ակցիան՝ ընդդեմ անտառների շարունակական հատումների և անտառային հողերի մասնավոր սեփականատերերին երկարաժամկետ վարձակալության տալու։ Այս կազմակերպությունը, որը ղեկավարում է էկոակտիվիստ Ջավիդ Գարան, Ադրբեջանում բնապահպանական հարցերով ամենաակտիվներից է։

Ջավիդ Գարան, մինչդեռ, դեկտեմբերի 12-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում բողոքի ակցիաներին՝ «ակնհայտ է, որ Ղարաբաղում «էկոակտիվիստների» բողոքը կեղծ խոսակցություն է»։

«Մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում երկրում առկա բնապահպանական խնդիրները, բարոյական իրավունք չունեն բողոքելու հակառակորդի բնապահպանական հանցագործությունների դեմ։ Նույնիսկ եթե ամոթ չունեն ու բողոքում են, այո։ Բայց այս մարդիկ անբարեխիղճ պատեհապաշտներ չեն։ Նրանք պարզապես պատվերով շոու կատարողներ են»,- գրել է Գարան՝ հավելելով, որ այդ մարդիկ չկային, երբ Ադրբեջանի Բնապահպանության նախարարությունը վաճառքի էր հանում անտառները, արգելոցները և բուլդոզերները հատում էին անտառները։

Մի քանի այլ գրառումներով ևս Գարան համոզմունք է հայտնել, որ ակցիան կազմակերպված է կառավարության կողմից։ Նա հատկապես քննադատում է, որ երեխաներ ու կանայք են ուղարկվել ռուս խաղաղապահների դեմ հանդիման։

Ովքե՞ր են փակել Լաչինի միջանցքը

Լաչինի միջանցքում գտնվող «ակտիվիստները» ներկայում բավական ակտիվ են սոցիալական ցանցերում, պարբերաբար ուղիղ եթերներ են անում, լուսանկարներ ու տեսանյութեր տարածում։ Դա հնարավորություն է տալիս պարզել նրանց ով լինելն ու գործունեությունը։ Հատկանշական է, որ «էկոակտիվիստների» էջերում գերակայում եմ Ադրբեջանի նախագահի, նրա կնոջ, հոր նկարները։

Ակցիաներին դեկտեմբերի 12-ից միացած Թալեհ Մանսուրովի ֆեյսբուքյան օգտահաշվում ևս շատ են Ալիևների նկարները։ Մանսուրովը նշել է, որ աշխատում է Երիտասարդներին աջակցության հասարակական միությունում։ Ուսումնասիրելով նրա գրառումները՝ պարզ է դառնում, որ Մանսուրովը իշխող, Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։ Ավելին՝ «էկոակտիվիստը» աշխատել է այդ կուսակցությունում։

Հատկանշական է, որ Երիտասարդներին աջակցության հասարակական միության այլ անդամներ, ինչպես երևում է միության ֆեյսբուքյան էջից, ներկայում գտնվում են Լաչինի միջանցքում։ Այս միությունը հարյուրավոր այլ ՀԿ-ների շարքում 2020-ի նոյեմբերին 9-ին բաց նամակ էր հղել Իլհամ Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով պատերազմում հաղթանակ գրանցելու համար։ Ինչպես տեղեկանում ենք նրանց գրառումներից, ինչպես Մանսուրովը, այնպես էլ ՀԿ-ն ծրագրեր են իրականացնում Ադրբեջանի՝ Հասարակական կազմակերպություններին աջակցության պետական ​​գործակալության ֆինանսավորմամբ։

«Էկոակտիվիստների» շարքում է նաև Հաբիլ Նիֆթալը, որը «Օպտիմիստ» սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող հասարակական միավորման նախագահն է։ Նիֆթալի գրառումներից պարզ է դառնում՝ իր ՀԿ-ն բնապահպանության վերաբերյալ իրազեկման որոշ ծրագրեր է իրականացրել կրկին Ադրբեջանի՝ Հասարակական կազմակերպություններին աջակցության պետական ​​գործակալության ֆինանսավորմամբ։ Այս ՀԿ-ն ևս Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորածների թվում էր։

Ֆարիզ Ակբարովը ևս Լաչինի միջանցքը փակած «ակտիվիստներից» է։ Վերջին ամիսներին զբաղվում է Ադրբեջանում կանանց և ընտանիքի իրավունքներով՝ «Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների» պետական ​​կոմիտեին կից Հանրային խորհրդի անդամ է, եղել է «Ադրբեջանի երեխաներ» ՀԿ-ի իրավաբան։ Ակբարովի ֆեյսբուքյան էջում էլ Ալիևի լուսանկարներով և վերջինիս գովերգող գրառումներ են։ Եվ ինչպես վերոնշյալ «էկոակտիվիստների» դեպքում, Ակբարովը ծրագրեր է իրականացրել Ադրբեջանի՝ ՀԿ-ների աջակցության պետական ​​գործակալության ֆինանսավորմամբ։

Հատկանշական է, որ Ակբարովի՝ դեկտեմբերի 13-ի գրառումը և լուսանկարը փաստում են, որ Լաչինի միջանցքում ճանապարհը փակած «էկոակտիվիստների» հետ է նաև Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը։

Լաչինի միջանցքը փակած անձանց տասյնակ էջեր ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ գրեթե բոլորը որևէ կերպ կապված են, ֆիանանսավորվում են, ծրագրեր են իրականացրել Ադրբեջանի՝ ՀԿ-ներին աջակցության պետական ​​գործակալության աջակցությամբ։ Այս գործակալությունը ստեղծվել է 2021-ին՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով և փաստացի ֆինանսավորում է ՀԿ դաշտը։

Ավելին, այդ ակտիվիտսների շարքերում է նաև գործակալության դիտորդ խորհդի անդամ Իլգար Օրուջովը, որը Շուշի գնացող ավտոբուսից նկար է հրապարակել։

Այս գործակալությունը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ տեղեկացնլով ՀԿ-ների ղեկավարներին, որ Շուշի հաջորդ այցելությունն արդեն ծրագրված է և դիմելու համար կոնտակտներ տրամադրել։ Հնարավոր է, որ այս «ծրագրված այցելությունը» Լաչինի միջանցքը փակումն էր՝ «բնապահպանական» քողի ներքո։

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների մեջ հատկապես աչքի էր ընկել մի ակտիվիստ, որը վարժ տիրապետում էր հայոց լեզվին և հայերեն կոչեր է հնչեցնում։ Վերջինս Թելման Ղասիմովն է, որը Ադրբեջանում հայտնի ռազմաքաղաքական փորձագետ է և նախկին զինվորական։

Քասիմովը դեկտեմբերի 11-ին լուսանկար էր հրապարակել ավտոբուսի մեջից՝ «սկսեցինք ճամփորդությունը դեպի Շուշա» գրառմամբ։

Լուսանկարում առաջին շարքում ձախից՝ Թելման Ղասիմովը, երկրորդ շարքում աջից՝ Թալեհ Մանսուրովը։

Քասիմովը բավական շատ լուսանկարներ ունի Լեռնային Ղարաբաղում մարտական դիրքերից մարտական հագուստով՝ որոշներում կրելով թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության տարբերանշանը։

Հատկանշական է, որ Լաչինի միջանցքում «բնապահպանական նկատառումներով» բողոքի ակցիա իրականացնող անձինք պարբերաբար ցույց են տալիս «Գորշ գայլերի» հայտնի նշանը, ինչը ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Փաստացի Լեռնային Ղարաբաղը արդեն երեք օր բլոկադայի ենթարկած ակտիվիստները «ուշագրավ» ինքնություն ունեն։ Նրանք որևէ բնապահպանական գործունեությամբ աչքի չեն ընկել, ներկայացնում են ՀԿ-ներ, որոնք Ալիևի կառավարության հետ շատ հստակ կապեր ունեն և ֆինանսավորվում են պետությունից։ Հաշվի առնելով փաստը, որ առանց իշխանությունների իմացության, անհնար էր այս ակտիվիստների մուտքը Լեռնային Ղարաբաղ, կասկած չի մնում, որ այն իրականացվել է հենց Ալիևի կառավարության ցուցմամբ։