Մայր Աթոռն Ալլահշուքյուր Փաշազադեին հորդորում է քայլեր ձեռնարկել ադրբեջանական սադրանքները բացառելու համար

Մայր Աթոռի Ս. Էջմիածին հայտարարություն է տարածել ադրբեջանական սադրանքների, մասնավորապես, Լաչինի միջանցքով երևեկությունը արգելափակելու և դեպի Արցախ գազի մատակարարումը խափանելու վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Աջակցել մեզ

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:

Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար:

Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,- ասված է հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել