Ստեփանակերտում ու Երևանում ռազմավարական մտածողություն է պետք՝ գոյութենական մարտահրավերներին դիմակայելու համար

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը երկրորդ անգամ փակեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում: Այս անգամ ևս այդ գործողությունն իրականացվեց բնապահպանական պատրվակներով: Արցախը 48 ժամից ավել ամբողջովին կտրված է աշխարհից: Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը արգելափակեց նաև գազի մատակարարումը Արցախ:

Նախկինում բազմիցս անդրադարձ ենք կատարել Ադրբեջանի դրդապատճառներին և նրան, թե ինչպես էր Բաքուն նախապատրաստում այս գործողությունները շաբաթներ շարունակ: Այդ իսկ պատճառով այսօր նպատակահարմար է կենտրոնանալ Հայաստանի ու Արցախի թերացումների և անելիքների վրա:

Նախ, պետք է արձանագրել, որ Լաչինի միջանցքում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը 2020 թվականից հետո Երևանում ու Ստեփանակերտում իշխող էլիտաների մոտ ռազմավարական մտածողության բացակայությունն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ կետում ակնարկվում էր, որ մոտակա տարիների ընթացքում Շուշի քաղաքը շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու: Այդ կետում, մասնավորապես, նշվում էր. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Ադրբեջանը փաստացիորեն օգտագործել է եռակողմ հայտարարության այս կետը, ճնշում գործադրել հայկական կողմերի վրա և կառուցել Բերձոր քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհը: Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը, որը ստանձնել էր Ադրբեջանը, այդպես էլ չի իրականացվել: Դա հիմնավորվել էր այդ ճանապարհի կառուցման ծախսատարությամբ:

Երևանն ու Ստեփանակերտը առանձնապես չէին առարկել Բաքվի այդ որոշմանը, քանի որ Ադրբեջանը այդ փուլում դեռևս լուրջ սադրանքների չէր դիմել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին: Հայաստանում ու Արցախում որոշում կայացնողների մոտ կար համոզմունք, որ իրավիճակը կշարունակի կայուն մնալ: Մինչդեռ նույնիսկ այդ փուլում ակնհայտ էր, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական փաստացի ռազմական ներկայությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Սա դասական օրինակ է, թե ինչպես են աշխատում պետական կառավարման համակարգերը Հայաստանում ու Արցախում: Երևանն ու Ստեփանակերտը անընդհատ արձագանքողի դերում են: Ի վիճակի չեն մոդելավորել իրադարձությունների զարգացման առնվազն մի քանի սցենարներ: Այս պահին Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող որևէ ուղղությամբ չկա քիչ թե շատ մշակված բլան Բ:

Ինչպես և կանխատեսվում էր, Բաքուն կրկին խափանել է նաև դեպի Արցախ գազի մատակարարումը: Հիշեցնենք, որ Արցախ գազ մատակարարող գազամուղը այժմ ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Թե Ստեփանակերտում, թե Երևանում վստահաբար դեռևս ոչ որոշում կա գազամուղը նոր ճանապարհ տեղափելու հարցում, ոչ որևէ իրական քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ, ոչ էլ կա գործողությունների մշակված պլան, թե ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանի կողմից ձմռանը գազի խափանումը չհանգեցնի հումանիտար ճգնաժամի:

Հայաստանում ու Արցախում իշխող էլիտաների մոտ ռազմավարական մտածողության բացակայությունը այս փուլում գլխավոր խնդիրներից մեկն է, որը անհնար է դարձնում առկա մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու փորձերը: Սա է նաև հիմնական պատճառը, ինչու հայկական երկու պետությունները չեն կարողանում զերծ մնալ պարբերաբար կրկնվող ցնցումներից պատերազմի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակին, ապա այս հարցում պետք է առաջին հերթին սառնասրտություն դրսևորել: Ադրբեջանի նպատակներից մեկը հայկական կողմերին սադրելն ու սեփական ագրեսիվ գործողությունները արդարացնելն է: Միևնույն ժամանակ, պետք է ակտիվ աշխատանք կատարել միջազգային գործընկերների հետ` շեշտը դնելով մարդու իրավունքների ու հումանիտար խնդիրների վրա: Ստեղծված իրավիճակում միջազգային ճնշումը Ալիևի վարքագծի վրա ազդող հիմնական գործիքներից է:

Մեկնաբանել