ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացվել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Աջակցել մեզ

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողություններն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։

«Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն էլ նշել է, որ Ադրբեջանը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողություններով կոպտորեն խախտում է միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքները և ի ցույց է դնում, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը և առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երխոսություն հնարավոր չէ։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել