Միրզոյանը Գուտերեշին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման խնդիրը

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Աջակցել մեզ

Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Նա կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել