Կանադան Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը։

Աջակցել մեզ

«Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար հետևանքներից»,- նշված է Կանադայի ԱԳՆ-ի Թվիթերի էջում։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել