Տարօրինակ է Լաչինի միջանցքի հարցով մի շարք բարեկամ երկրների լռությունը․ Փաշինյան

«120 000 մարդ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում, շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի մենկարկին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու պատճառով։ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի խախտումը խրոնիկ բնույթ է կրում։

«Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականությունը ու պիտի ամեն ինչ անենք, որ դա պատշաճ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց այն երկրներին, ովքեր խոսել են Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի քայլերի մասին ու շեշտեց՝ «տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը այս առումով»։

Նա նաև հայտնեց, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ՝ հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով։

Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով հանդես են եկել Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան։ Ռուսաստանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակման խնդրին։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել