Անընդունելի է քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը․ Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հարցով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Լաչինում ներկա իրավիճակն առաջացել է «հանքավայրերի հարցում կողմերի միջև անհամաձայնության հետևանքով»։

Զախարովան հայտնեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ․ «Հույս ունենք, որ ամենամոտ ժամկետում ամբողջությամբ կվերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասաց նա։

«Լաչինի միջանցքը ապահովում է Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, այն գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության տակ։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը»,- նշեց Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձավ ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններին․ «Որտեղից էլ որ դրանք լինեն, մենք դա համարում ենք անթույլատրելի և անարդյունավետ»։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել