Իրավիճակն օգտագործելով ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը․ «Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները»,- ասել է նա:

Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:

Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ Ռուբեն Վարդանյանն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով, ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝ օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:

«Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը: Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել