Մեղրին վերջապես գազ ունի

Անի Գրիգորյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Տասնամյակներ սպասելուց հետո գազը վերջապես հասել է Մեղրի խոշորացված համայնք։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հայտնեց, որ կապույտ հեղուկը շուրջ 20 օր է, ինչ հասանելի է Մեղրի, Ագարակ քաղաքներում և Լեհվազ գյուղում։
Մեղրին գազ չի ունեցել խորհրդային ժամանակներից։ Հայաստանի տարբեր իշխանություններ խոստացել են Մեղրին ապահովել գազամատակարարմամբ՝ 2016-ին, 2019-ին, 2020-ին, 2022-ին։

2022-ի մայիսի 25-ին Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ մեղրեցիները մինչև աշուն գազ կունենան։

«Մինչև աշուն Մեղրիի մեր հայրենակիցները, Ագարակի, նաև այս համակարգի մեջ Լեհվազ գյուղն է ավելացել, բոլորը կունենան գազ»,- ասել էր նախարարը։ Սակայն մինչև աշուն չէր հաջողվել գազաֆիկացումը ապահովել, ՍիվիլՆեթին սեպտեմբերին հայտնել էին, որ որոշ գործընթացներ դեռ ընթացքի մեջ են։

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հայտնեց, որ ավելի քան 20 բաժանորդ ներկայում գազ ունի, սակայն համակարգին միանալու շուրջ 200 դիմում կա արդեն։

Ինչպես տեղեկացրել էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, Մեղրի և Ագարակ քաղաքներում հնարավոր բաժանորդների թիվը կազմում է համապատասխանաբար 1 000 և 240 բաժանորդ։ Այսինքն՝ 1 240 բաժանորդից ներկայում շուրջ 20-ը դեռ ունի գազ։

Մեղրիում գազի առկայությունը #CivilNetCheck-ին հաստատեցին նաև բնակիչները։ Մեղրեցի Սիրուն Սարգսյանը հայտնեց, որ իրենց շենքում արդեն երկու բնակարան ունի գազամատակարարում։ Հարակից շենքում էլ երկու ընտանիք նույնպես օգտվում են կապույտ հեղուկից։

Մեկնաբանել