«Ադրբեջանում չե՞ն շտապել ենթադրել, որ նպաստավոր պահ է Անդրկովկասում ՌԴ ազդեցությունը թուլացնելու համար»․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակման առնչությամբ։ Հայտարարությունը թարգմանաբար՝ ստորև․

Աջակցել մեզ

«Վտանգավոր կերպով սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ ապօրինաբար և հանդգնորեն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Հակառակորդի տարածքում բնապահպանության հանդեպ հոգատարության շինծու պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որի տակ դրված են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները։

Բաքուն շտապում է իրագործել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայրենի հողից հայերին դուրս մղելու ռազմավարության մաս է, որը կարող է մարդասիրական աղետի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում։

Հարցականի տակ է հայտնվել պարենի ու դեղորայքի մատակարարման հարցը, ինչպես նաև կոմունալ ծառայությունների բնականոն աշխատանքը։

Լաչինի արգելափակմանը ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ գազի մատակարարման խափանումը, ինչը որևէ կերպ չես կարող վերագրել կամ կապել այսպես կոչված բնապահպանների նախաձեռնության հետ։

Դպրոցները դադարեցրել են աշխատանքը, ձմռանը ջեռուցումից անջատման վտանգի տակ են հայտնվել մյուս բոլոր սոցիալական օբյեկտները։

Իմ համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահներին սադրելու և նրանց առաքելությունը խափանելու փորձ են։

Բաքվում, երևի, մտածում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումը Արևմուտքի հետ նպաստավոր պահ է Անդրկովկասում նրա դերն ու ազդեցությունը թուլացնելու համար։

Ադրբեջանում արդյոք չե՞ն շտապել ենթադրել, որ կարող են Աստծուն մորուքից բռնել։ Իմ անունից և Լազարևյան ակումբի Միջազգային խորհրդի հանձնարարությամբ պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը։ Լիահույս եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները կգտնեն համոզիչ փաստարկներ՝ իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար։

Ձգձգման հետագա և հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 25-ին հայտնի էր դարձել, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, ինչը այնուհետև հաստատել էր ՌԴ պատգամավորը։ ՀՀ Ազգային ժողովը գրություն էր ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հայաստան-Արցախ կապը մինչ այժմ վերականգնված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել