Քելբաջարում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել, յոթը՝ վիրավորվել

Իսմի Աղաև, OC Media

Քելբաջարի շրջանում դեկտեմբերի 14-ին ականի պայթյունից մեկ մարդ մահացել է, յոթը վիրավորվել։

Չիրագ գյուղում վերանորոգման և շինարարական աշխատանքների վրա աշխատող չորս մարդ վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության տարածած համատեղ հայտարարության համաձայն՝ դեպքի վայրում եղած չորս զինվորներից երեքը վիրավորվել են, մեկը՝ մահացել։

Քելբաջարի զինվորական դատախազությունը հետաքննում է միջադեպը։

Քելբաջարի շրջանը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում գտնվել է հայկական վերահսկողության ներքո, իսկ Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից ի վեր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Դեկտեմբերի 12-ին ելույթ ունենալով ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ 2022-ի օգոստոսից ի վեր Հայաստանում 2021-ին արտադրված 2728 հակահետևակային ական է հայտնաբերվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում [Հայաստանը կտրականապես հերքում է Ադրբեջանի պնդումները, որ այդ տարածքներում 2021-ի արտադրության ականներ են տեղադրվել – ՍիվիլՆեթ]։

Ադրբեջանական պաշտոնյաների տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր ավելի քան 260 մարդ վիրավորվել և 46-ը զոհվել է ականներից այն տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։

Մեկնաբանել