Արցախի գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախի գազի մատակարարումը վերականգնվել է, հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց մեր կողմից ինչ-որ թուլություն ցույց տալու հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեր համար»,- դեկտեմբերի 16-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը ևս այսօր բացվի՝ ադրբեջանցիների որոշմամբ․ «Դա իրենց որոշումն է, իրենք են որոշել, որովհետև իրենք հասկացել են, թե ինչ սխալ են արել»։

Ռուբեն Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրում՝ ցույց տալու Արցախի միասնականությունն ու ուժը։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել