Հերքվել է Հալեպում Կիլիկյան վարժարանը գրավելու մասին լուրը

Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է սիրիացի զինյալ ընդդիմադիրների կողմից Հալեպի Կիլիկյան վարժարանը գրավելու մասին տեղեկությունը, ինչպես նաև շրջանառվող լուրը, թե իբր ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը և հանդիպել են հայերի դիմադրությանը:

Ռեիսյանի խոսքով` այդուհանդերձ, օգոստոսի 19-ին և 20-ին բախումներ են եղել Ժդեյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական Սբ. Քառասնից Մանկանց հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին և Ազգային առաջնորդարանին: «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև շարունակվում է` հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր: Բախումներ եղել են նաև հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում: Վստահաբար կարող եմ ասել, որ հայկական որևէ հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որևէ մեկը չի զոհվել»,- ասել է Ռեիսյանը:

Մեկնաբանել