Կստեղծվի ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթում նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։

Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

Ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգահեռ դադարեցվելու է արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը։

Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը կլինեն նախարարի տեղակալներ։ Ոստիկանապետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ։ Ներքին գործերի նախարարը կունենա ևս երկու տեղակալ, որոնք կիրականացնեն բացառապես քաղաքացիական գործառույթներ։

Տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակելու է վարչապետը։