Սաակաշվիլիի հիվանդանոցային կյանքի կադրերի հրապարակումը բուռն քննարկման թեմա է դարձել Վրաստանում

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է տեսակադրեր այն կլինիկայից, որտեղ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բուժում է ստանում՝ ենթադրաբար, հասարակությանը Սահակաշվիլիի «կեղծ պահվածքը» ցույց տալու համար։ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ տեսանյութը տարածվել է առանց նրա համաձայնության։

Գործակալությունը, պատճառաբանելով «բարձր հանրային շահը», հրապարակել է գրեթե 11 րոպե տևողությամբ տեսանյութ, որում Սաակաշվիլիին երևում է Վիվամեդի մասնավոր կլինիկայի իր առանձնասենյակում:

Տեսանյութում նիհար երևացող և դանդաղ շարժվող նախկին նախագահը երկարատև հացադուլից հետո մայիսի 12-ից կլինիկայի բժիշկների հսկողության տակ է։

Կադրերում երևում է Սաակաշվիլին օգոստոսի 9-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 6-ին և դեկտեմբերի 12-ին: Նա ագրեսիվ շփվում է կլինիկայի անձնակազմի և այցելուների հետ, որոնց բոլորի դեմքերը մշուշոտված են: Ամենավերջին մասում Սաակաշվիլիին քայլում է՝ հենվելով հատուկ քայլակին։

Երեքշաբթի Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն «Ռուսթավի 2» հեռուստատեսությանն ասել է, որ կառավարությունը «ստիպված կլինի հրապարակել որոշակի կադրեր»՝ մարդկանց ցույց տալու, իր և կառավարության մյուս գործիչների խոսքով, Սաակաշվիլիի «կեղծ պահվածքը»։

Բժշկական վերջին զեկույցները ենթադրում էին, որ նախկին նախագահը ծանր հիվանդ է, պնդում, որի հետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայն չէ:

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ նախկին նախագահը չի համաձայնել հրապարակել կադրերը, և որ Սաակաշվիլիի պաշտպանական թիմը բողոք կներկայացնի Բրեգաձեի և Քրեակատարողական ծառայության դեմ՝ նրա անձնական տվյալները հրապարակելու համար։ Հինգշաբթի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ հետաքննում է տեսանյութի հրապարակումը։

Սաակաշվիլիի քաղաքական շահերը

Կադրերը քննարկումների տեղիք են տվել Վրաստանում՝ ստիպելով ընդդիմադիր գործիչներին և հանրությանը ուժեղացնել Սաակաշվիլիին բուժման համար արտերկիր ուղարկելու իրենց պահանջները: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ կադրերը հրապարակվել են հանրությանը ապացուցելու, որ Սաակաշվիլին «չի համագործակցում բժիշկների հետ»՝ ելնելով իր «քաղաքական շահերից»։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի ասել է, որ նախկին նախագահի մասին հանրային քննարկումները «վրդովեցուցիչ» են։ «Վրաստանում կա 9 200 բանտարկյալ, իսկ մենք այսքան ժամանակ խոսում ենք մեկ բանտարկյալի մասին, որն ամենավատ հանցագործներից է»: «Նրա ռեժիմը սպանել է մի քանի հարյուր բանտարկյալների»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն ևս մեղադրել է Սաակաշվիլիին իր առողջական վիճակը երկիրն «ապակայունացնելու» համար օգտագործելու մեջ։ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները վերահաստատել են աջակցությունը նախկին նախագահին։ Կուսակցության երեք անդամ՝ Դավիթ Կիրկիտաձեն, Անա Ցիտլիձեն և Աբդուլա Իսմաիլովը, հինգշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցին հացադուլ են հայտարարել՝ պահանջելով Սաակաշվիլիին բուժման տեղափոխել արտերկիր։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը նույնպես արձագանքել է Վիվամեդիի կադրերին՝ կասկածի տակ դնելով գործողության «համաչափությունն ու համարժեքությունը» և քննադատելով տեսանյութերի հրապարակումը։ Գրասենյակը նշել է, որ Սաակաշվիլիի ագրեսիվ պահվածքը կարող է լինել բժշկական փորձագետների տված ախտորոշումների ախտանիշ՝ հավանաբար նկատի ունենալով Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին վերջերս հրապարակված զեկույցը:

«Պետությունը պարտավոր է օգնել ազատազրկված [հիվանդ] անձին, ցուցաբերել համապատասխան օգնություն և նրա առողջական վիճակը չօգտագործել նրա դեմ»,- ասված է հանրային պաշտպանի հայտարարությունում։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը նույնպես մեկնաբանել է կադրերը՝ ասելով, որ «կառավարությունը պարտավոր է ապահովել [Սաակաշվիլիի] իրավունքների պաշտպանությունը, որպեսզի նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն, հոգեբանական օգնություն և արդար դատավարություն»։

Կարճատև երրորդ հացադուլը, արձագանքում է Եվրախորհրդարանը

Սաակաշվիլին դեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ կսկսի իր երրորդ հացադուլն այն բանից հետո, երբ նրան մերժել էին հեռակա կարգով դատական նիստին մասնակցելու տեխնիկական ապահովումը, որտեղ քննարկվում էր բուժման նպատակով իր տեղափոխությունն արտերկիր։

Հայտարարությունից մի քանի ժամ անց Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ նախկին նախագահը դադարեցնում է հացադուլը, քանի որ Եվրախորհրդարանի անդամները նրանից «կտրականապես պահանջել են» դադարեցնել։

Կադրերի հրապարակման օրը Եվրախորհրդարանը հրապարակեց Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որում ասվում է, որ «Միխեիլ Սաակաշվիլիի դրսևորած պաթոլոգիական ախտանիշերը ծանր մետաղներով թունավորման արդյունք են, ինչը նպաստում է նրա առողջության արագ վատթարացմանը»։

«[Եվրախորհրդարանը] կրկին կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և թույլ տալ նրան պատշաճ բուժօգնություն ստանալ արտասահմանում՝ ելնելով մարդասիրական նկատառումներից, և որպես քաղաքական բևեռացումը մեղմելու միջոց»,- ասվում է զեկույցում։

Հինգշաբթի Խաչապուրիձեն ասել է, որ Սաակաշվիլին այլևս սնունդ չի ստանում Հատուկ քրեակատարողական համակարգից, փոխարենը ստանում է միայն այն սնունդը, որը բերում են ընտանիքի անդամները:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել