ՄԻՊ գրասենյակի գլխավոր քարտուղարն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Մխիթարյանին հասցեագրած ծանուցագրում նշել է, որ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, և վերջինս դեկտեմբերի 27-ին հրավիրվել է իր գույքի ծագման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու։ Մխիթարյանին վերաբերող այս վարույթի շրջանակում այլ անձանց ուղղված ծանուցագրերի մասին տեղեկություն դեռ չկա։

2017-2020թթ. Մխիթարյանը արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր, հետո նշանակվեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական։ 2022-ի հունվարին խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը, իսկ մարտից Անի Մխիթարյանը դարձավ ՄԻՊ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2021-ի գույքի, ունեցվածքի, եկամուտների, շահերի հայտարարագրում Մխիթարյանը հայտարարագրել էր 2 հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, նաև մեկ հասարակական նշանակության շինություն ու մեկ ուրիշ շինություն, որը կադաստրի կողմից դեռ չի գրանցվել։

Անի Մխիթարյանը, ըստ նույն տվյալների, ունի Bentley մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019-ին, նաև՝ 20 000 դոլարի չափով կանխիկ գումար է հայտարարագրել։ Նրա եկամուտները 2021-ին ձևավորվել են որպես արդարադատության նախարարի խորհրդական ստացած աշխատավարձից ու Բրյուսովի անվան պետական համալսարանից ստացած աշխատավարձից։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Անի Մխիթարյանն ասաց՝ ծանոթ չէ ոչ դատախազությունից իրեն ուղղված ծանուցմանը, ոչ էլ իր գույքի ուսումնասիրության մանրամասներին, բայց ներկայանալու է դատախազություն։ «Ես իհարկե ապօրինի ծագմամբ գույք չունեմ»,- վստահեցրեց ՄԻՊ գլխավոր քարտուղարը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ Մխիթարյանին ներգրավելը իրավապահների կողմից նրա նկատմամբ ուշադրության առաջին դեպքը չէ։ ՄԻՊ գրասենյակի պաշտոնյան մեղադրյալ է նաև երեխաների ապօրինի որդեգրումներ կազմակերպելու հնչեղ քրեական գործով, որն այս տարվա հունիսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան։ Գործը հարուցվել էր որդեգրումների գործընթացում պաշտոնատար անձանց անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ։ Երեխաների առք ու վաճառքը կազմակերպելը, դեպի Իտալիա տեղափոխելը, ըստ Քննչական կոմիտեի, իրականացրել էր Երևանի բնակիչ Անուշ Գարսանցյանը։ Անի Մխիթարյանի ղեկավարած Քաղաքացիական ակտերի կացության գրանցման գործակալության գործողություններին անդրադառնալով ՔԿ-ից նշել են՝ գործակալությունն ու միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ:

Որդեգրելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր իտալացու համար ՔԿԱԳ-ի կողմից մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու։

Մինչ քրեական գործի դատարան մտնելը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվել էինք՝ Անի Մխիթարյանը աշխատանքային կամ անձնական ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել այս գործով առանցքային մեղադրյալներից Անուշ Գարսանցյանի հետ։ Օմբուդսմենի գրասենյակից պատասխանել էին՝ Մխիթարյանը ճանաչում է Գարսանցյանին, բայց աշխատանքային շփումներ չի ունեցել։

Մանկավաճառության այս գործով մեղադրյալների թիվը 11 է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել