Այսօր Յուրի Նիկուլինի հիշատակի օրն է

15 տարի առաջ` օգոստոսի 21-ին, կյանքից հեռացավ համամիութենական աստղ, սիրված դերասան Յուրի Նիկուլինը: Հանդիսատեսին հիշվել են նրա կերպարները «Բարբոս շունը և արտասովոր մրցավազքը», «Օղի թորողները», «Օպերացիա «Ы» և Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին», «Յոթ ծերուկներ և մի աղջիկ», «Ադամանդե ձեռքը» ֆիլմերից: Երկար տարիներ նա ղեկավարել է Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսը, որին նվիրված էր ամբողջ հոգով:

«Կրկեսում իբրև ծաղրածու աշխատող մարդիկ յուրահատուկ են, բոլորը չեն, որ դիմանում են ծիծաղին, շատերը կարծում են, որ իրենց վրա են ծիծաղում»,- ասում էր Նիկուլինը:

1946թ. նրան մերժել են Մոսկվայի բոլոր թատերական բուհերը, հենց այդպես էլ նա հայտնվել է Ցվետնոյ բուլվարի կրկեսի ստուդիայում: Հենց այստեղ է նա առաջին հաջողություններն արձանագրել: Դասընթացների ավարտից հետո Նիկուլինը սկսել է հանդես գալ ծաղրածու Շույդինի հետ:

Համամիութենական սերը նրան կինոդերերն են բերել: Սկզբում նա նկարահանվել է բացառապես կատակերգական դերերում` ըստ էության շարունակելով իբրև ծաղրածու հանդես գալ: Սակայն նոր մասնագիտությունը նոր հորիզոններ է ուրվագծել Նիկուլինի առջև: Տարկովսկիի «Անդրեյ Ռուբլյովում» Նիկուլինը հաստատվել է իբրև տաղանդավոր տրագիկ դերասան: Նիկուլի վերջին աշխատանքներից էր Ռոլան Բիկովի «Խրտվիլակը», որտեղ նա մարմնավորել է Քրիստինա Օրբակայտեի 11-ամյա հերոսուհու պապիկի կերպարը:

«Սարսափելի ճանաչված էր, դժվար է փոխանցել, բայց նա չէր կարող փողոցով քայլել` բարձրացնում էր օձիքը, մուգ ակնոցներ և գլխարկ հագնում, որպեսզի, Աստված չտա, չճանաչեն իրեն: Շատ համեստ էր»,- Նիկուլինի մասին հիշում է գրող և դրամատուրգ Արկադի Արկանովը:

«Ինչի՞ համար էին նրան սիրում: Որովհետև մեծ ծաղրածո՞ւ էր: Նա մեծ չէր` շատ լավ ծաղրածու էր, որն անհատականություն ուներ: Կինոյի մեծ դերասա՞ն էր: Իսկ Միրո՞նովը, Պապա՞նովը, Լեո՞նովը, մնացածը… Հիմնականում նրան սիրում էին այն բանի համար, որ հոգին կարդացվում էր»,- հոր մասին պատմում է Մաքսիմ Նիկուլինը:

Մեկնաբանել