Ինչ է նախատեսում ռուս խաղաղապահների մանդատը

ռուս խաղաղապահ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 12-ի առավոտից Լեռնային Ղարաբաղը աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումից հետո ամենաքննարկող հարցը ռուս խաղաղապահների գործողություններն են կամ անգործությունը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները Լաչինի միջանցքի փակումից հետո կոշտ քննադատություններ հնչեցրին ռուս խաղաղապահների հասցեին՝ պնդելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նրանք են պատասխանատու Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի համար։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե իշխանություններն իրենց անգործությունը բարդում են ռուս խաղաղապահների վրա։

«Այդ նույն կառավարողները, որոնց դուք իշխանություն եք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ՝ որո՞նք են խաղաղապահների պարտականություններն ու պարտավորությունները։ Դուք որևէ տեղ տեսե՞լ եք՝ այդ մասին ինչ է գրած»,- ասել է Սարգսյանը։ Դիտարկմանը, որ դա առկա է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Սարգսյանը հակադարձել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, իրենք կատարում են դա, և պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշի վրա»։

2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Ու թեև հայտարարությունը հստակ սահմանում է, որ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, սակայն վերջին օրերին ամենաքննարկվող հարցերից է՝ արդյոք խաղաղապահներն իրավունք ունեն ուժ կիրառել ճանապարհը բացելու համար։

Խաղաղապահների մանդատը չի հաստատվել

Այս տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատը:

2020-ի նոյեմբերի 9-ին, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին հայտարարություն, զուգահեռ արդեն ռուս խաղաղապահները տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղի տարածք։ Հայտարարության մեջ փաստացի ընդամենը մի քանի նախադասությամբ էին սահմանվում խաղաղապահների հիմնական պարտականությունները և նրանց մանդատը մանրամասն նկարագրված չէր։

Հատված՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից.

Միաժամանակ, նշվում էր, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը, գործունեության շրջանակները կսահմանվեն գործողություններին զուգահեռ, ինչը սակայն վերջին երեք տարիներին այդպես էլ տեղի չի ունեցել։

Դեռ նախորդ տարի՝ 2021-ին, Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) անդրադարձել էր ռուս խաղաղապահների մանդատի հաստատման խնդրին։ Ճգնաժամային խմբի փորձագետները նշել էին, որ խաղաղապահները 2020-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո ամեն ինչ արել են՝ գյուղացիներին ուղեկցելուց, գերեզմաններ այցելելուց կամ բերքահավաքից մինչև ջրի խողովակների վերանորոգում և վեճերի միջնորդություն: «Անհասկանալի է, թե որքան ժամանակ նրանք կարող են շարունակել գործել որպես առօրյա խնդիրներ լուծողներ: Ինչպե՞ս նրանք կարձագանքեն առաջնագծում իրավիճակի սրմանը, դեռևս անհայտ է՝ հաշվի առնելով, որ հրադադարի համաձայնագիրը հստակորեն չի շարադրել իրենց առաքելությունը»,- նշված էր անդրադարձում։

Եվ Միջազգային ճգնաժամային խումբը բարձրացրել էր ռուս խաղաղապահների առավել հստակ մանդատի հաստատման հարցը։

«Հստակ մանդատ, որը կմանրամասնի, թե երբ և ինչ հանգամանքներում պետք է խաղաղապահները միջամտեն, կարո՞ղ են կրակել միայն ինքնապաշտպանության, թե՞ նաև խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Ի՞նչ օգնություն են նրանք իրավասու տրամադրել, ո՞ւմ, ինչպիսի՞ն են նրանց վարչական պարտականությունները, եթե այդպիսիք կան և այլն…»,- գրել էր ճգնաժամային խումբը՝ ընդգծելով, որ պաշտոնական, հաստատված մանդատի առկայությունից կշահեն բոլոր կողմերը։

Միջազգային ճգնաժամային խմբի տեղեկությունների համաձայն՝ 2020-ի նոյեմբերից հետո Մոսկվան աշխատում էր խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ձևակերպելու ուղղությամբ, սակայն նախորդ տարվա դրությամբ արդեն երկու պատրաստված տարբերակները մերժվել էին հակամարտող կողմերի կողմից։

Եվ արդեն այս տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել մանդատը, իսկ Ռուսատանն ու Հայաստանը ստորագրել են այն։ Վերջին օրերին արդեն ՔՊ-ական պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին` ակնկալելով, որ «ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով»։