Ինչպես է իշխանությունը արձագանքել Լաչինի միջանցքի փակմանը. Գեղամ Մանուկյանի պնդումների հետքերով

#Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից օրեր առաջ ընդունված Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությանը և պնդել, թե դրանում բացակայում է «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։

«Բավականին վտանգավոր, անատամ մի փաստաթղթի հրապարակում, որպես Ազգային ժողովի հայտարարություն, որտեղ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արձանագրված չէ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղ արձանագրված չէ»,- ասել է ՀՅԴ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ընդունված հայտարարությունում Արցախի հայության մասին «խոսվել է իբրև Լեռնային Ղարաբաղի բնակիչներ», որը ըստ նրա, շատ վտանգավոր է։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck ուսումնասիրել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հնչեցրած պնդումները։

Հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղ» արձանագրված է

ԱԺ-ի իշխանական մեծամասնությունը 57 կողմ ձայնով դեկտեմբերի 14-ին ընդունեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանտիար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարությունը, որին ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել՝ սեփական նմանօրինակ հայտարարության նախագիծն օրակարգ չընդգրկելու պատճառով։

Հակառակ Մանուկյանի պնդումներին՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ներկայացված և ընդունված հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղ» (ԼՂ) ձևակերպումը հանդիպում է առաջինը՝ հենց վերնագրում, այնուհետև ևս 13 անգամ՝ տեքստում, որից միայն մեկ դեպքում է այն նշվում «բնակիչներ»-ի համատեքստում, երեք դեպքում խոսվում է ԼՂ հայության մասին։

«Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծում, որը չէր ընդգրկվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, «Լեռնային Ղարաբաղ»-ից բացի կա «Արցախ» ձևակերպումը։ «Արցախի Հանրապետություն» կամ «ԼՂ Հանրապետություն» ձևակերպումը, ինչպես իշխանության ընդունած հայտարարությունում, բացակայում է։

Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ իշխանությունը «քար լռություն» չի պահել

Պատգամավոր Մանուկյանը նաև պնդել է, թե դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումից հետո Հայաստանի իշխանությունը և ԱԳՆ-ն «քար լռություն» են պահել և չեն անդրադարձել Լաչինի միջանցքի փակմանը։

«Դրանից հետո Հայաստանի իշխանության կողմից՝ ոչ բարով-խերով վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, երկու-երեք օր քար լռություն էր պահպանվում, նաև ԱԳՆ-ի կողմից էր քար լռություն պահպանվում, մինչև կառավարության երեկվա նիստին 10-11 րոպե խոսել է Լաչինի միջանցքի մասին..»,- հայտարարել է պատգամավորը։

Իրականում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ հանդիպման ժամանակ։ Միջանցքի փակումը դատապարտող հայտարարություն արտգործնախարար Միրզոյանը արել է նաև նույն օրը կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 13-ին արդեն ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, որում մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին։


Հայտարարությունը հրապարակված է եղել առնվազն 12։48-ի դրությամբ։

«Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Փակման երրորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, արտգործանախարություն են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, որտեղ քննարկվել են Լաչինի միջանցքի փակումը և ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նույն օրը ԱԳՆ ղեկավար Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ նախարարական հանդիպման ժամանակ կրկին խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին։

Դեկտեմբերի 14-ին և 15-ին Միրզոյանը նաև առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Հնդկաստանի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի, Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կրկին խոսվել է «Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ Լաչինի փակման վերաբերյալ հեռախոսազրույցից բացի, թեմայի վերաբերյալ դեկտեմբերի 15-ին Թվիթերի իր միկրոբլոգում երկու գրառում է արել։

Այսպիսով, ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի պնդումը, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱԺ հայտարարությունում բացակայում է «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, իսկ իշխանությունը և ԱԳՆ-ն չեն խոսել ճանապարհի փակման մասին, կեղծ են։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը նախկինում ևս անդրադարձել է Գեղամ Մանուկյանի` մոլորեցնող մեկ այլ հայտարարության։

Տես՝ Ո՞վ է մոլորեցնում. արդյոք Սաղաթելյանը հայտնե՞լ է սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին