Խրիմյան Հայրիկի անհաղթահարելի բարդույթը

Մեծ տերությունները վատն են՝ չակերտավոր կամ առանց չակերտի։

Ռուսաստանը վատն է, որովհետև իր դաշնակից Հայաստանի թշնամուն զենք է վաճառում։ Ռուսաստանը չի (կարողանում կամ ուզում) կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Ռուսաստանը ուզում է՝ Զանգեզուրի միջանցք բացվի՝ իր վերահսկողության ներքո, ինչպես Լաչինի միջանցքը։ Ռուսաստանը չի կարողանում (կամ ուզում) ապահովել Արցախի ու Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ չնայած պարտավորվել է։ Ռուսաստանին հայերը հետաքրքրում են այնքանով, որքանով նրանք հիմք են իրենց՝ այստեղ ներկա լինելու համար։ Ի վերջո, Ռուսաստանը վատն է, քանի որ ավտորիտար է, իսկ մենք ուզում ենք լինել ազատ ու երջանիկ։

Ամերիկան վատն է, որովհետև ժողովրդավար Հայաստանի հակառակորդ Թուրքիային աջակցում է, հանում է F16 կործանիչների արտահանման արգելքը այդ երկրին։ Ամերիկան չի պատրաստվում կիրառել բռնապետական Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող 907-րդ բանաձևը։ Ամերիկայի վերջնանպատակը տարածաշրջանից ռուսներին հանելն է, եթե անգամ դրա արդյունքում Արցախը հայաթափվի։ Ամերիկան մեզ զենք չի վաճառում ու չի էլ պատրաստվում անվտանգության երաշխիքներ տալ։

Եվրամիությունը վատն է, քանի որ ժողովրդավարական արժեքներից է խոսում, բայց բարձր մակարդակով գազային համաձայնագիր է կնքում աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկի հետ։ Եվրամիությունը հավասարության նշան է դնում ագրեսորի ու զոհի միջև։ Եվրամիությունում առանձնապես մտահոգված չեն, որ Արցախում կարող են էթնիկ զտումներ լինել, եթե անվտանգության երաշխիքներ չստեղծվեն։ Կարևորը՝ ռուսները գնան։

Բրիտանիան վատն է, քանի որ շարժվում է բացառապես Ադրբեջանում իր նավթային շահերից՝ ի դեմս British Petroleum-ի։ Նա մոռանում է ժողովրդավարության ու ժողովրդավար Հայաստանի մասին, երբ խոսքը նավթի մասին է։ Բրիտանացիներն աչք ունեն անգամ բուն Արցախի հանքավայրերի վրա՝ Ալիևների հետ ձեռք ձեռքի։ Բրիտանական նավատորմը մեր լեռներ չի գալիս։

Ֆրանսիան վատն է, որովհետև բանաձևերից այն կողմ բան չի անում։ Մեզ զենք չի վաճառում, ռազմական օգնություն չի ցուցաբերում։ Մարաշն ու Կիլիկիան էլ՝ վրադիր։

Իրանը վատն է, որ առաջինն է շնորհավորում Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար։

Վրաստանը վատն է, որ պատերազմի ժամանակ արգելում է իր տարածքով ռազմական մատակարարումները Հայաստան։ Նույն պատերազմի ժամանակ Bank of Georgia-ն արգելափակում է Սփյուռքից Հայաստան եկող դրամական աջակցությունը։ Վրաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան «քաղաքակրթապես իրեն ավելի մոտ» Հայաստանի։

Իսրայելը վատն է, որ Ադրբեջանին արդիական սպառազինություն է մատակարարում։ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը մեզ զենք չի տալիս (թե՞ չենք ուզել)։

***

Հեգնանքով կամ առանց հեգնանքի, այս երկրների ու գանգատների շարքը կարելի է շարունակել։

Կարելի է բողոքել աշխարհագրությունից, պատմությունից, կլիմայից, ռեսուրսների պակասից ու բախտից։

Բայց կարելի է և սթափ նայել իրականությանն ու հասկանալ՝ ում հետ ինչպես աշխատել ու ինչ անել, որ նրանք, ովքեր քեզ օգուտ չեն տալիս, գոնե վնաս չտան։

Նաև՝ կարելի է փորձել հասկանալ՝ որտեղ և ինչում ենք թերացել/թերանում, ինչ ճիգեր գործադրենք, որ հաղթահարենք ծանր այս փորձությունները կամ դուրս գանք նվազագույն վնասով։

Բայց չէ՝ մենք շարունակում ենք միջազգային քաղաքականության մեջ շարժվել սոցցանցային աղմուկի թելադրանքով կամ «կարևորը մենք ենք ու Ավստրիան» գավառամտությամբ։

Հետո, երբ այդ ամենի արդյունքում կորցնենք պետություն ու հայրենիք, կգնանք մի բարեկեցիկ երկիր և գրքեր կգրենք ուխտադրուժ ու դավաճան տերությունների մասին։ Դե, իհարկե, թոռներին չենք մոռանա տանել կիրակնօրյա հայկական դպրոց։

Հանկարծ չփորձենք ազատվել Խրիմյան Հայրիկի բարդույթից։

Մեկնաբանել