Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

«Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով»,- ասված է շտաբի հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել, իսկ դեկտեմբերի 16-ին վերականգնել էր Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել