2022-ի ամենամեծ ՍՈՒՏԸ. ընտրում եք դուք

2022-ին լրատվական դաշտը, համացանցն ու սոցցանցերը լի էին կեղծ, ապակողմնորոշող, իրականությանը չհամապատասխանող ու մոլորեցնող պնդումներով։ Քաղաքական, հանրային գործիչները, լրատվամիջողները և անգամ սոցցանցային «գործիչները», հետապնդելով ամենատարբեր նպատակներ, հանդես էին գալիս հայտարարություններով, որոնք աղավաղում էին իրականությունը և ազդեցություն ունենում հանրային կարծիքի վրա։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը, իր ընթերցողներին այս տարի էլ առաջարկում է միասին որոշել, թե որն է 2022-ի տարվա սուտը։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է 2022-ի ամենամեծ սուտը։

  1. Հայկակական արբանյակը «դարի բլեֆն է»

Հայաստանի առաջին արբանյակի՝ 2022-ի մայիսին Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելուց հետո հայտարարություններ ու պնդումներ հնչեցին, թե արբանյակն իրականում Հայաստանին չի պատկանում, վարձակալած է։ Կարծիքներ եղան անգամ, թե այն «դարի բլեֆն է»։ Մինչդեռ, իսպանական «Սատլանտիս» ընկերությունը հաստատեց, որ Armsat-1 անունով հայտնի «Ուրդանետա» արբանյակը պատկանում է Հայաստանին և նրա հավաքագրած տվյալներն ամբողջությամբ տնօրինելու է հայկական կողմը։

  1. Նիկոլ Փաշինյանի պնդումները՝ Մադրիդյան սկզբունքների մասով

2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադառնում էր Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում և մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաև, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որևէ փաստաթղթում չի նշվել։

ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ընդ որում, հանրաքվեն անցկացվելու էր ԼՂ-ի 1988-ի բնակչության էթնիկ համամասնությամբ, երբ մարզի ավելի քան 70 տոկոսը հայեր էին։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաև Լաչինի միջանցքի լայնությունը։

  1. «Փաշինյանը մտնելու է բունկերը», «մնաց մեկ-երկու օր». ընդդիմության պնդումները Փաշինյանին հեռացնելու մասին

«Դիմադրության շարժումը», որի մեջ մտնում էին մեծամասամբ խորհրդարանական ընդդիմությունան ներկայացուցիչներ, 2022-ի ապրիլից սկսեց պայքար՝ խոստանալով, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում հեռանալու է։ Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում պնդում էին, թե «գնալու են մինչև վերջ, և որևէ պարագայում հետքայլ չի լինելու»։ Հունիսի կեսից արդեն «Դիմադրության շարժումը», չհասնելով նպատակին, դադարեցրեց նստացույցը, իսկ ցույցերն ու բողոքի գործողություններն ինչ-որ պահից դադարեցին։

  1. Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում կենսաբանական զենք են արտադրում

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո «վերակենդանացան» Հայաստանում գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ կեղծ և մանիպուլյատիվ թեզերը, թե դրանցում կենսաբանական զենք են մշակում, այնտեղ աշխատում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցներ, և դրանց գործունեությունը գաղտնի է։ Այս թեզերը հիմնականում ռուսական քարոզչության մաս էին, որոնք բազմիցս հերքվել են։ Ավելին՝ ռուսաստանցի մասնագետները մուտք են գործել այդ լաբորատորիաներ և համոզվել, որ այդ պնդումներն անհիմն են։

Մեկնաբանել