Արցախից մեկ բուժառուի տեղափոխել են Երևան

Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխել են Երևան, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բուժառուի տեղափոխումը Հայաստան հնարավոր է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Արդեն ութերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել