Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը Ռուսաստանն է․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը, այսպես կոչված՝ բնապահպանների քողի ներքո փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում, հիմնական նպատակը սա է․ Ազգային ժողովի նիստին դեկտեմբերի 20-ին այս հայտարարությունն արեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը շեշտեց, որ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ արդեն իններորդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է․ «Դուք նախորդ արտահերթ նիստի ժամանակ ասացիք, որ խաղաղության պայմանագրի նոր խմբագրված տարբերակը պատրաստվում եք շուտով փոխանցել Ադրբեջանին։ Քանի որ ներքին խողովակներով կամ ոչ միայն ներքին խողովակներով Ադրբեջանի հետ փաստաթղթերի փոխանակում իրականացնելու փորձը կա, հստակ ի՞նչ է պահանջում, ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը ճանապարհը բացելու համար, այսպես կոչված՝ բնապահպանների քողի ներքո Արցախի ճանապարհը բացելու համար»,- հարցրեց Խամոյանը։

«Մեծ հաշվով որևէ գաղտնի խողովակ պետք չէ հասկանալու, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը, այսպես կոչված՝ բնապահպանների քողի ներքո փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում, հիմնական նպատակը սա է, և Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացի, Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից, և արագ հանգուցալուծում ստանա ստեղծված ճգնաժամը»,- պատասխանեց Գրիգորյանը։

Ագնեսա Խամոյանը նկատեց, որ ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավոր և չկա որևէ փաստաթուղթ, որով հրաժարվում է դրանից․ «Դուք՝ որպես իշխանություն, ի՞նչ եք արել, ի՞նչ եք անում և առաջարկում ճանապարհը բացելու համար, և առհասարակ, ինչպես է դրսևորվում ձեր կողմից, ՀՀ-ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը»,- հարց ուղղեց պատգամավորը։

«Եթե կառավարության ծրագրով ՀՀ-ն այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա Հայաստանը շարունակում է այդ պարտավորությունը կատարել, բազմապիսի են այդպիսի պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը։ Ես ուզում եմ նաև՝ դուք հաշվի առնեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, և ես կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք ՌԴ-ի հետ, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ բացվի։ Այս սադրանքը, որ կազմակերպել է Ադրբեջանը, որը, ինչպես նշեցի, էթնիկ զտման նպատակ ունի, պետք է, որ զգոն պահի բոլորին, և այս առումով կարող եմ ասել, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- պատասխանեց ԱԽ քարտուղարը։

Մեկնաբանել