ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը վերաբացելու հարցով դիմել է միջազգային դերակատարներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչով դիմել է միջազգային դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց»,- ասված է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները։

«Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել