Ինչպես են անփորձ զինվորները հայտնվել Հադրութի Խուռհատ սարում՝ հակառակորդի դեմ հանդիման

Դեկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա է՝ գումարտակի նախկին հրամանատար Իշխան Վահանյանը՝ այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։ Դատական նիստի ընթացքում վկայի կարգավիճակով հարցաքննվեցին չորս երիտասարդներ․ բոլորը պատերազմի ժամանակ շարքային ծառայության մեջ են եղել ու մասնակցել մարտերին նույն գումարտակի կազմում։

Պատերազմի մեկնարկից առաջ քանի՞ փամփուշտ էիր կրակել,- 5-րդ գումարտակի դատական գործի ժամանակ զոհված զինվորներից մեկի ծնողը հարցրեց վկաներից մեկին՝ Ջրականի զորամասի նախկին ծառայող Վարուժան Մարգարյանին։

16 փամփուշտ,- եղավ պատասխանը։

Դատական գործը բուռն ընթացք ստացավ։ Նիստից կես ժամ առաջ դատարանի դիմաց հավաքվեցին զոհված զինվորների ծնողները, ծխում էին ու զրուցում, ինչպես ամեն անգամ նիստերի ժամանելիս։ Նիստին ուշադիր լսում էին վկաներին, երբ կողմերն ավարտում էին իրենց հարցերը, հերթը հասնում էր ծնողներին, ամեն մեկն իր հարցն ուներ. «Իսկ իմ որդուն տեսե՞լ ես։ Գիտես որտե՞ղ զոհվեց»,- հարցնում էր ծնողներից մեկը վկային, պատասխանը բացասական էր։ Նիստից հետո ծնողները «շրջապատում էին» վկաներին, հարցերին ավելանում էին նաև հեռախոսների լուսանկարները, այդ թվում՝ մահացած զինծառայողների դիակների։

«Երկու որդի եմ կորցրել, տասը ամիս ման եմ եկել, մեկին գտել եմ Վանք գյուղում, մյուսին՝ Աբովյանի մորգում»,- ինձ էր ասում մեկ այլ ծնող ու ցույց տալիս իր կրտսեր որդու արտաշիրիմած դիակի ձեռքի լուսանկարը՝ վրան դաջված երեք տառ. «Այ, հենց այսպես եմ որդուս գտել։ Երկրաշարժի օրը, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վանք գյուղում, նրա հետի ծառայակիցներն էին ասել, թե որ տան այգում են տղուս թաղել։ Խաղաղապահների, Արցախի ԱԻՆ-ի հետ մտա գյուղ, ինքս եմ հողը փորել ու հանել տղուս»,- ասաց պատերազմում երկու որդի կորցրած ծնողն ու հռետորական հարց տվեց. «Բա ո՞նց չխելագարվես այս իրավիճակում»։

Վկաներից մեկը դողում էր։ Մեղադրողն էր «հարցախույզ» անում նրան, խնդրել էր վերհիշել դեպքերի ժամանակագրությունն ու մանրամասները, մի քանի հարց կրկնվեց, որովհետև երիտասարդը դժվար էր մտաբերում կատարվածը։ Երրորդ հարցի ժամանակ նա չդիմացավ, սկսեց զայրացած խոսել, անհանգիստ շարժումներ անել. վերհիշել էր ինչի միջով է անցել, հուզվել։ Դատավոր Ջոն Հայրապետյանը սկսեց երիտասարդին հանգստացնել։ Երիտասարդ այս դատավորի՝ նիստերը վարելու գործելաոճը բավականին արդյունավետ է։ Նրան հաջողվում է մեղմել գրեթե ամեն նիստին ծնողների զայրույթի պոռթկումը։ Երբ ծնողներից մեկը ուժ է գտնում ու կատակում է, Հայրապետյանը նրան չի նախատում, միասին ժպտում են, իսկ ընդմիջումներին ծնողները դատավորին պատմում են, թե ինչպես են իրենց որդիները զոհվել ու ով է նաև մեղավոր, բացի ամբաստանյալի աթոռին նստած Վահանյանից։

Ամբաստանյալը լուռ էր, ընդհանրապես հարցեր չէր տալիս, ոչ մի դեպքում չէր փորձում թեկուզ հայացքով «հանդիպել» ծնողներից որևէ մեկին։ Նրա ամեն մի շարժում, ամեն մի խոսք առաջացնում էր ծնողների զայրույթը, այնպես որ նա փորձում էր «չլինել» այս դատաքննության ընթացքում։

Դեկտեմբերի 19-ի նիստին վկաներն իրենց հետ բերել էին հասարակ երևանյան ժարգոնը ու պարզ, անկաշկանդ պահվածքը։ Դատախազի հարցերից մեկը վերաբերում էր դիրքերից նահանջին՝ համեմված իրավական տերմիններով, գեղարվեստական բնույթ կրող բառերով ու բառակապակցություններով, երբ հարցը վերջացրեց մեղադրողը, տղան խնդրեց կրկնել։

«Պարոն դատախազ, սովորական տղա եմ, ես տենց գրագետ բառեր չգիտեմ, մի փոքր պարզ խոսեք»,- ասաց զինվորը։ Դատավորը միջամտեց, պարզեցրեց ու ավելի մատչելի դարձրեց դատախազի հարցը։

Մեկ այլ վկայի ցուցմունքում անհամապատասխանություն էր գտել ծնողներից մեկը, վիճեց այդ երիտասարդի հետ, ասաց, որ իր եղբոր որդուն հենց նա է տեսել վերջին անգամ, բայց չի ուզում դատարանում խոստովանել։ Եթե վկաներից մեկի հանդեպ դահլիճը թշնամաբար է տրամադրվում, կարգադրիչներն արագ իրավիճակը որսում են ու նրան հեռացնում ոչ թե ընդհանուր, այլ դատավորի մուտքից, որպեսզի բախում չլինի։ Այս մի տղային էլ հեռացրին դատավորի մուտքով։

Դատաքննությունը՝ ըստ էության

Ինչպես արդեն նշեցի՝ այս նիստին հարցաքննվեցին չորս վկաներ, բոլորը նախկինում ծառայել են Ջրականի զորամասում։

Պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի տեղաշարժը։ Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, առաջինը հակառակորդը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հրետակոծություն, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորած է առ այսօր։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը նշանակել այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։

Վկա Վարուժան Մարգարյանը պատմեց, որ հոկտեմբերի 9-ի գիշերն իրենց տարել են «Խուռհատ» սար, դիրքավորվել են ու նկատել են հակառակորդին, որը գալիս էր մեքենաներով։ Նրա խոսքով՝ նախքան դիրքեր տանելը իրենց միայն ինքնաձիգ են տվել և վերջ. «Հադրութի դպրոցում կարող էին մեզ գոնե մի լապատկա տալ, որ գոնե խրամատ փորեինք, բայց չէ՝ ավտոմատը տվել էին ձեռքներս ու ուղարկել սար»։ Մեկ այլ վկա՝ Խաչատուր Անախասյանն էլ պնդում էր, թե նախքան դիրքեր ուղարկելը իրենց վստահեցրել են, թե երկրորդ պաշտպանական գծում են, եթե անգամ հակառակորդ հայտնվի տեսադաշտում, ընդամենը 2-3 հոգի է լինելու, մինչդեռ սարում իրենց վրա են հարձակվել բազմաթիվ ադրբեջանական գրոհայիններ։ Վկա Սամվել Հովհաննիսյանն էլ, որը ավելի վաղ՝ 2019-ին էր ծառայության անցել զինված ուժերում, դատարանում ասաց, թե բարձր սպայակազմից հայտարարել են, որ լարված չի լինի սար գնալուց հետո։

«Առավոտյան «Ալահ աքբար» գոռացին ու սկսեցին հարձակվել մեր վրա։ Մենք էլ սկսեցինք պաշտպանվել»,- պատմեց Վարուժան Մարգարյանը, որն ընդամենը երկու ամիս էր ծառայել բանակում՝ նախքան պատերազմի դաշտ մեկնելը։

Վկա Արմեն Երիցյանը որոշ մանրամասներ պատմեց Իշխան Վահանյանի կողմից դիրքերը լքելու դեպքի մասին։ Նա ասաց, որ տեսել է՝ ինչպես է հակառակորդը կրակել Վահանյանի ոտքերի մոտ, դժվարացավ պատասխանել՝ փամփուշտի անդրադարձումից, թե քարի հարվածից էր Վահանյանի ոտքը վիրավորվել։ Դրանից հետո իրենք վիրավոր զինվորներին են իջեցրել ճանապարհի մոտ ու կրկին տեսել Վահանյանին։

«Իշխան Վահանյանը տեսավ, որ մենք վիրավորների ենք փորձում նստացնել Ուրալի մեջ, ասաց, որ նրանց չնստացնենք ավտոն։ Ինքը նստեց մեջը, վարորդի կողքն ու գնաց։ Շալվարը արունոտ ես տեսել եմ»,- նշեց վկան։

Մեղադրողը ինչպես այս, այնպես էլ մյուս վկաներից ճշտում էր, թե արդյոք Վահանյանի վիրավորումն այն աստիճանի էր, որ չկարողանար մարտը ղեկավարել, ինչին ի պատասխան վկաները պնդեցին, թե նա կարող էր այդ վիրավորմամբ շարունակել ղեկավարել իրենց։

Զինվորներն ասում էին, որ Վահանյանի հեռանալուց հետո իրենք հոգեպես կոտրվել են՝ մտածելով՝ եթե տեղանքը լավ իմացող, տարիների փորձ ունեցող զինվորականն իրենց լքում է, ապա իրենք ի՞նչ կարող են անել։

Ինչու հենց ուսումնական գումարտակը գնաց սար

Դատաքննության ընթացքում կարմիր թելով անցնում էր հարցապնդումը, թե ինչու են անտառային բարդ պայմաններում հակառակորդին դիմագրավելու համար մարտի ուղարկել ուսումնական գումարտակի նորակոչիներին, ընդ որում՝ նրանց շարքում եղել են զինվորներ, որոնք անգամ զինվորական երդում տված չեն եղել։

Հարցին մինչ այս պատասխանել էր պատերազմի ժամանակ տվյալ զորամիավորման հրամանատար Կարեն Առուստամյանը՝ պնդելով, թե այլ անձնակազմ չկար, բացի դրանից, իրենք հակառակորդին այդ հատվածում չէին սպասում։

Ուշագրավ է, որ «Չռիկներ» կոչվող տեղամասից նահանջելուց հետո այդ ժամանակ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը բարձրագույն ղեկավարությանը զեկուցել է, որ պատրաստ չէ առաջնորդել գումարտակին, քանի որ զինվորները բարոյապես հուսալքված են, չեն կարող իրենց առջև դրված խնդիրները կատարել։ Նրա ասածներից ոչ թե բարձրագույն ղեկավարությունը հետևություններ է արել, այլ հեռացրել այդ պաշտոնից, իսկ զինվորներին ուղարկել «Խուռհատ» կոչվող բարձունք։

Դեկտեմբերի 19-ի նիստին վկաներն ասացին, որ «Խուռհատ» սարում ոչ մարտի մտնելիս, ոչ էլ նահանջելիս հրաման չեն ստացել։ Սկզբում իրենց վրա սկսել է կրակել հակառակորդն ու իրենք էլ պատասխանել են։ Ընթացքում տեսել են, որ զինվորներ են զոհվում, որոշների փամփուշտներն ավարտվում են, հետո զինվորները սկսել են անկանոն նահանջել, իրենք էլ հետները։

Մեկնաբանել