Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Մարգարյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից:

«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասաց նա:

Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշ ունեցող երկրներից մեկն է՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով․ «Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասաց նա:

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման: Մարգարյանը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցը համարեց՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով: Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,- եզրափակեց Հայաստանի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, ԱԽ-ի մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը։ Մասնավորապես, Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակել կոչ են արել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան։

Մեկնաբանել