ՄԱԿ Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ կոչ են անում բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, ԱԽ-ի մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը։

Մասնավորապես, Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակել կոչ են արել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան։

Ֆրանսիայի ներկայացուցիչն հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը․ «Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման ուղիղ հետևանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետևանքներն օրեցօր վատթարանում են»,- ասել է նա:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը․ «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար, հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»։

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս․ «Ռուսական կողմը պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության գծով վերջին օրերի ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերսկսմանը և միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը․ «Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը»,- ասել է նա։

Մեկնաբանել