Նախիջևանի ղեկավարը 27 տարվա իշխանությունից հետո հրաժարական է տվել

Նախիջևանի նախկին ղեկավար Վասիֆ Թալիբովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականին: Լուսանկարը՝ President.az

Իսմի Աղաև, OC Media

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել հանրապետության ղեկավարի պաշտոնից 27 տարի այն ղեկավարելուց հետո։

Թալիբովը հայտնի էր իր ավտորիտար կառավարմամբ՝ հանրապետությունում տարածված խոշտանգումներով, գրաքննությամբ և մարդու իրավունքների այլ խախտումներով, իսկ որոշ այլախոհներ էլ, ըստ լուրերի, տեղափոխվել են հոգեբուժարաններ:

Չորեքշաբթի Թալիբովը Նախիջևանի խորհրդարանին փոխնախագահ Ազեր Զեյնալովի միջոցով, պատճառաբանելով առողջական վիճակը, դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն թույլ տալ հրաժարական տալ։

Նախագահը ներկա չի եղել խորհրդարանի նիստին, իսկ նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Նախկինում որևէ հաղորդում չի եղել, որ Թալիբովը վատառողջ է:

Խորհրդարանի ներկա անդամները քվեարկել են դիմումը բավարարելու օգտին՝ Թալիբովին հեռացնելով պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 1995-ի դեկտեմբերից։

Քվեարկությունից հետո Զեյնալովը եզրափակել է նիստը և հայտարարել, որ «այսուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականներն ու առաջարկությունները կլինեն մեր գործունեության հիմնական ուղղությունը»։

«Մենք հավատարիմ ենք մնալու Հեյդար Ալիևի քաղաքական գծին, որը հաջողությամբ շարունակել է պետության ղեկավարը [Իլհամ Ալիևը]»։

Նախիջևանի ինքնավարության վերացում

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Թալիբովի հրաժարականի մասին ասել է, որ «ամեն ինչ կախված է միայն մեկ մարդու կամքից»։

Շարունակելով՝ Նովրուզովը հաստատել է, որ նկատի ունի՝ Թալիբովը հրաժարական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքուն ավելի ու ավելի ակտիվ էր Նախիջևանում, երբ հանրապետության ֆինանսների նախարարը և Նախիջևանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին յուրացման մեղադրանքով, իսկ Նախիջևանի մաքսային կոմիտեն լուծարվեց Բաքվում նրա գործընկերոջ դուստր ձեռնարկության փոխարեն: Աճում էին շահարկումներն այն մասին, որ Ալիևը ցանկանում է վերջ տալ հանրապետության ինքնավարությանը և Նախիջևանը Բաքվի վերահսկողության տակ առնել:

Ալիևների իշխող ընտանիքի հետ ամուսնական կապեր ունեցող Թալիբովը հայտնի էր իր ավտորիտար կոշտ կառավարմամբ։ Իշխանության ղեկին նրա անցկացրած մոտ երեք տասնամյակների ընթացքում ցանկացած ընդդիմություն դաժանորեն ճնշվել է, իշխանություններին քննադատող ակտիվիստներն ու լրագրողները ենթարկվում էին հետապնդումների, ձերբակալությունների և աքսորի:

Թեև հանրապետությունում տեղեկատվությունը խստորեն վերահսկվում էր, գործազրկության և արտագաղթի մակարդակը, ինչպես հայտնի է, շատ բարձր էր, նախիջևանցիներից շատերն ավելի լավ հնարավորություններ էին փնտրում Ադրբեջանի մյուս շրջաններում, Թուրքիայում և Իրանում:

Քաղաքական ճնշումների, սոցիալական վատ պայմանների և հանրապետությունում բիզնեսի, կառավարության, ոստիկանության և տնտեսական գործունեության խիստ վերահսկողության համադրությունը հանգեցրել է նրան, որ այն կոչվում էր «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա»:

Թալիբովի կառավարությունը հայտնի էր նաև Բաքվից իր անկախությամբ։ Թեև ենթադրվում էր, որ Թալիբովը մտերիմ է Ալիևների հետ, նա հաճախ արհամարհում էր կամ չէր ենթարկվում Բաքվի այլ պաշտոնյաների հրահանգներին: 2021-ին Թալիբովների ընտանիքը նույնպես մեղադրվել է փողերի լվացման մեջ։

Մեկնաբանել